Որոշում կա. ո՞ր բուհերը կտեղափոխվեն մարզ եւ որո՞նք կմնան Երեւանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Կառավարությունը լայն թափով սկսել է ԲՈՒՀ-երի տեղափոխման եւ օպտիմալացման նախագծերի իրականացումը: Ըստ մեր տեղեկությունների՝ Կառավարությունը մշակել է հինգ ուղղություն, ըստ որի պետք է բաշխվեն ԲՈՒՀ-երը: Դրանք են՝ արվեստը, տեխնոլոգիաները, բժշկությունը, անվտանգությունը եւ կրթությունը:

Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ այս պահին որոշվել է, որ մայրաքաղաքում մնալու են միայն Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ Երևանի պետական համալսարանի ադմինիստրատիվ հատվածը: Իսկ մնացած բոլոր ԲՈՒՀ-երը տեղափոխվելու են մարզեր:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս հարցը շատ գաղտնի ձևով է քննարկվում կառավարությունում ու այն գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Իշխանություններն այս հարցը կարելի է ասել իրենց համար արդեն լուծված են համարում, ներքին որոշումն ունեն, դրա մասին կհայտարարեն այն ժամանակ, երբ արձակուրդային օրերը կսկսվեն տարբեր բուհերում: Հիմա ներքին հարցերի քննարկման փուլում են, թե առաջիկայում այս հարցը ինչ փուլ կմտնի, դժվար է ասել, քանի որ մեկ անգամ արդեն այս հարցով ուսանողներն ու դասախոսական անձնակազմը ոտքի էին հելել և դասադուլ հայտարարել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը դիմեց նաեւ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տեղեկատվության բաժին, որտեղից մեզ հայտնեցին, որ Ակադեմիական քաղաքի շուրջ այս պահին քննարկումներ կան, այլ տեղեկություններ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ էին հայտարարել ու բողոքի ակցիաներ էին անում ընդդեմ բուհերի խոշորացման։

Լիդա Եղիազարյան




Լրահոս