Թուրքիայում տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին) փակվել են բոլոր ընտրատեղամասերը, ինչը նշանակում է, որ այդ երկրում ավարտվել են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ընդհանուր առմամբ, այդ երկրում և դրա սահմաններից դուրս նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար տեղակայվել է 191 885 քվեատուփ։ Քվեարկության ավարտից հետո, ըստ Թուրքիայի ընտրական օրենսգրքի, մեկնարկել է նախագահական ընտրությունների հաշվարկը։ Ընտրելու իրավունք ուներ Թուրքիայի շուրջ 64 միլիոն քաղաքացի։
Հիշեցնենք, որ Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է թեկնածությունից հրաժարվելու մասին։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին պաշտոնաթերթում։