Ավետիսյանը` Ավետիսյանին. Դհոլչու դեր է ստանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամ Խաչիկ Ավետիսյանը, Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Վարդան Ավետիսյանի` Սուրեն Սարգսյանի` «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամի հասցեին հնչեցված հայտարարություններին,  հերքեց  դրանք` ասելով, որ Սուրեն Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին:

Թե քանի տարի է մասնակցել Սարգսյանը պատերազմին, Խաչիկ Ավետիսյանը   դժվարացավ հստակ թիվ ասել,  հետո հարցրեց. «Բայց դա ի՞նչ նշանակություն ունի: Ես մարտի դաշտում Վարդանին էլ չեմ տեսել, բայց նա մասնակցել է կռվին: Ի՞նչ է, պետք է տեսնեի՞նք  կռվում իրար: Արցախյան ազատամարտում եղել է 15.000-20.000 ազատամարտիկ, հո բոլորս իրար չէի՞նք ճանաչելու»:

Պրն. Ավետիսյանի խոսքով` Սուրեն Սարգսյանի և «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի»  մասին բացասական  հոդվածները մի բան են ցույց տալիս` իշխանությունը խուճապի մեջ է:

«Վարդան Ավետիսյանը հերթական դհոլչու դեր է ստանձնել, ավելին` ես ամաչում եմ այն 12 ազատամարտիկների փոխարեն, որոնք ստորագրել են խորհրդի հասցեին ստորագրված  հայտարարության տակ, որում գրել էին. «Որտե՞ղ են կռվել ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամները, որ մենք  նրանց չեն տեսել«: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ 12-ը թող գան (չնայած սա չարժե ասել,  քանի որ ես դեմ եմ եղել միշտ, որ ասվի` ես լավ եմ կռվել, մյուսը` վատ, բայց  ստիպեցին, որ ասեմ) այստեղ և համեմատեն իմ ու իրենց արածը»,-եզրափակեց Խաչիկ Ավետիսյանը:




Լրահոս