Խորհրդարանը Թագուհի Թովմասյանի մասով սահմանադրաիրավական որոշում չկայացրեց. ուժի դիրքերից խոսեց. սահմանադրագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովում այսօր քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը: Գործընթացը նախաձեռնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ըստ այդմ իշխող ուժի քվեարկությամբ Թովմասյանը զրկվեց լիազորություններից։ ArmLur.am-ն այս մասով զրուցել է սահմանադրագետ Գևորգ Դանիելյանի հետ։

«Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը և բուն քննարկումները, ցավոք, վկայում են միայն, որ սահմանադրաիրավական իմաստով խորհրդարանի որոշում, որպես այդպիսին, չի կայացվել: Ազգային ժողովը հերթական անգամ ցուցաբերեց անասելի «երկաթյա կարգապահություն», անգամ չփորձեցին հարցեր ուղղել զեկուցողին, ելույթներ ունենալ՝ ամեն ինչ ամենքին ի սկզբանե պարզ էր:

Զեկույցում հատուկ ընդգծվեց, որ Ազգային ժողովի խորհուրդը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, Ազգային ժողովի մարմիններից է, բայց հետևությունը բոլորովին այլ էր՝ պարզեցված ու արագացված ընթացակարգով հարկ է ազատվել ի պաշտոնե այդ կարևորագույն մարմնի կազմում ընդգրկված անդամից: Հընթացս էլ հիշեցին, որ նշված հանձնաժողովի նախագահի տեղը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին, և, հետեւաբար, իշխող խմբակցությունը պատրաստակամ է դիտարկելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածություն: Ընդ որում, մինչ այդ, մի վերապահում էլ արվեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակ չունի իր կողմից առաջադրելու հանձնաժողովի նախագահ: Տպավորություն է, որ նպատակ ունենալու դեպքում կարող էին և առաջադրել, և փույթ չէ, որ քվոտայով այդ տեղն իրենց չի պատկանում:

Վերացական բնորոշումներով եղած աղքատիկ նյութը՝ «հետևողականորեն չի մասնակցել նիստերին», «խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքներին» և այլն, կարծում եմ, որևէ մասնագետի համար չեն կարող ոչ մի պարագում բավարար համարվել: Նույն հաջողությամբ և կոնկրետ փաստերով կարելի է պնդել, որ հանձնաժողովի նախագահին թույլ չեն տվել ապահովելու խորհրդարանական կարևորագույն մարմնի՝ մշտական հանձնաժողվի, բնականոն գործունեությունը:
Իմ դիրքորոշումը եղել է և մնում է այն, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական, պետական գործիչների, պարզապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բացահայտ ուժի դիրքերից խոսելը և նրանց «տեղը ցույց տալը», մեղմ ասած՝ հեռանկար չունի: Ինքս Սահմանադրաիրավական բարեփոխումների հանձնաժողովում դեռևս 2013 թ. ընդհուպ առաջարկել եմ, որպեսզի բոլոր վերահսկողական մարմիններում ներգրավվեն միայն ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ, և ցավում եմ, որ այդ առաջարկը չընդունվեց, թեպետ՝ կային նաև համակիրներ:

Հ.Գ. Խորհրդարանը բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին է, որի պարագայում «երկաթյա կարգապահությունը» ուղղակի սպառնալիք է, ոչ թե հպարտանալու հիմք …»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս