Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Մարիամ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ 2019թ. սեպտեմբերի 27-ից սկսված քրեական վարույթի (քրեական գործի) նախաքննության ընթացքում որպես վկա ցուցմունքներ է տվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելով Զավեն Գրիգորյանին։
Նա ցուցմունք է տվել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի բակում Զավեն Գրիգորյանը եղբոր՝ Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել զինծառայող Արա Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ստացվում է՝ իրավապահները իրական մեղավորների պատժելու փոխարեն, ընկել են դցուցմունք տված անձանց հետևից՝ ցույց տալով, թե արդարադատություն են իրականացնում։
Հիշեցնենք՝ բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացավ։
Վերջինս դաժան ծեծի էր ենթարկվել ու կոմայի մեջ էր գտնվում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ում հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Այս գործով կալանավորված է նրա օգնականը։
Քնար Մանուկյան