ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ԾԵԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք արդեն գրել էինք, որ հունիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արագածավան համայնքի հայտնի ՔՊ-ական, նույն համայնքի կոմունալ ծառայության ղեկավար Սուրեն Թորոսյանը, որը հաճախ է աչքի ընկնում ընդդիմության հասցեին կոշտ, երբեմն բռնության կոչեր պարունակող «լայվերով», դաժան ծեծի էր ենթարկել նույն համայնքի բնակիչ Արմեն Սահակյանին։ Իշխանության ներկայացուցիչ Սուրեն Թորոսյանը, որն այժմ քրեական գործով մեղադրյալ է, տուժողին փայտով այնքան էր հարվածել, մինչեւ փայտը կոտրվել էր գլխին հերթական հարվածից։ Հիշեցնենք, որ տուժող Արմեն Սահակյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։ Այս ամենից հետո, պարզվում է, մեղադրյալին վերագրել են ընդամենը թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք, մինչդեռ, ինչպես նշում է փաստաբան Արսեն Բաբայանը, որն այդ քրեական գործով հանդիսանում է տուժողի փաստաբանը, մեղադրանքը չի համապատասխանում կատարված արարքին։ Այս առնչությամբ զրուցել ենք «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արսեն Բաբայանի հետ:

 

-Դուք բազմիցս հրապարակումներ եք արել այն մասին, որ ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Թորոսյանին վերագրված հանցավոր արարքը չի համապատասխանում իրական արարքին։ Խնդրում եմ մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։

– Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում, որ հենց այս գործով ձեր ներկայացրած լրատվամիջոցը ցուցաբերում է հետեւողականություն։ Շնորհակալությունս պայմանավորված է այն հանգամանքով, որ տուժող Արմեն Սահակյանը, որին ես ներկայացնում եմ այդ քրեական գործով, հասարակ ընտանիքից է, աշխատասեր մի երիտասարդ, որն անգամ փաստաբանական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի։ Մինչդեռ այս գործով մեղադրյալը, որն ունի մշտական աշխատանք, վարձատրվում է բնակչության հարկերից, օգտվում է հանրային պաշտպանի գրասենյակի անվճար փաստաբանական ծառայություններից։ Ինչ վերաբերում է քրեական վարույթին, ապա այստեղ իսկապես աննախադեպ ապօրինություններ են կատարվել։ Այդ ապօրինություններն այնքան շատ են, որ մեկ հարցազրույցում գուցե հնարավոր էլ չլինի անդրադառնալ։ Այնուամենայնիվ կանդրադառնամ դրանցից մի քանիսին։ Նախ՝ եկե՛ք ներկայացնեմ քրեական վարույթի նյութերում առկա փաստական տվյալները? ուրեմն, Սուրեն Թորոսյանը մեքենայով անցնելիս տեսնում է տուժողին, կանգնում է եւ վերջինիցս պահանջում, որ նստի մեքենան։ Մերժում ստանալուց հետո իջնում է մեքենայից, իր մոտ եղած գազաբալոնից գազ է փչում տուժողի աչքերին, որի հետեւանքով տուժողը կռանում է եւ սկսում է տրորել աչքերը։ Իսկ այդ ընթացքում Սուրեն Թորոսյանը երկու ձեռքով բռնած փայտով այնքան է հարվածում տուժողին, մինչեւ հերթական հարվածը գլխին հասնելուց հետո այդ փայտը կտոր-կտոր է լինում։ Դրանից հետո գետնից վերցնում է քար, բղավում, որ «հեսա կտամ…», սակայն չի կարողանում քարով հարվածել, քանի որ ականատեսներից մեկը հասցնում է քարը Թորոսյանի ձեռքից խլել։ Դրանից հետո մեղադրյալը նստում է մեքենան եւ հեռանում։

-Իսկ այդ արարքից ի՞նչ հետեւանքներ են առաջանում։

-Փաստացի առաջացած հետեւանքը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, թեթեւ մարմնական վնասվածքն է, սակայն, ինչպես նկատեցիք, ներկայացրածս փաստական տվյալները վկայում են, որ Թորոսյանն ունեցել է լրիվ այլ դիտավորություն, առնվազն՝ ոչ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու։ Իսկ այն դեպքում, եթե նախաքննությունը կատարվեր օրինական՝ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի, ապա հնարավոր չէր լինի այդքան մեղմ հոդվածով որակել կատարված ենթադրյալ հանցագործությունը։ Նախաքննության իմ համոզմամբ դիտավորյալ ապականումը ունեցել է նպատակ, որպեսզի մեղադրանքը լինի ամենամեղմը, իսկ անգամ դա՝ հնարավորինս չհիմնավորված։ Այսինքն՝ նախաքննությունը կատարվել է միակողմանի եւ հօգուտ մեղադրյալի։

-Մենք տեղեկացանք, որ այս գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ շուտով պետք է սկսվի դատաքննությունը։ Ի՞նչ պետք է արվեր նախաքննության ընթացքում, որ չի արվել, եւ ինչպե՞ս է հնարավոր շտկել այդ սխալները։

-Դուք ճիշտ եք, նախաքննությունն արդեն ավարտվել է։ Իսկ ամբողջ նախաքննությունը տեւել է ընդամենը մեկ ամիս, եւ որեւէ դեպքում այդպիսի ժամկետում այսպիսի արարքի համար պարզապես անհնարին կլիներ կատարել օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն։ Կարծում եմ, որ նախաքննության մարմնին եւ դատախազությանը ստիպել են արագ-արագ ավարտել գործն ու մեղադրյալի համար լավագույն պայմաններում գործն ուղարկել դատարան։ Ասածումս համոզվելու համար կպատասխանեմ Ձեր հարցի երկրորդ մասին, թե ինչ պետք է արվեր, որ չի արվել։ Ուրեմն, նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ գործածվել է հատուկ քիմիական գազ, որի գործածման հետեւանքով տուժողը զրկվել է ինքնապաշտպանվելու հնարավորությունից։ Քննիչը որեւէ կերպ, բացի մեղադրյալին այդ մասին հարցնելուց եւ հերքում ստանալուց, չի պարզել, թե արդյոք կիրառվել է այդպիսի գազ։ Իսկ վերջում գազի գործադրման հանգամանքը համարել է ոչ արժանահավատ եւ չի ընդգրկել մեղադրանքում։ Մինչդեռ, նախաքննության մարմինը պարտավոր էր ձեռնարկեր այնպիսի միջոցներ, որոնք կհաստատեին կամ կհերքեին գազաբալոնի օգտագործումը։ Օրինակ՝ համապատասխան փորձաքննություն նշանակվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, փորձագետը կտար անհրաժեշտ եզրակացությունը։

Բացի դրանից, նախաքննության մարմինը, ստանալով տվյալ այն մասին, որ մեղադրյալի եւ տուժողի միջեւ ամիսներ առաջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն էլ կարող էր լինել հենց այս դեպքի պատճառը, ուստի դրանով էլ հնարավոր կլիներ գնահատել հանցավորի դիտավորությունը, որեւէ արդյունավետ միջոց չի ձեռնարկել պարզելու այդ տվյալի իսկությունը կամ հերքելու այն։ Նախաքննության մարմինը դեպքի հենց հաջորդ օրը ոստիկանությանը տվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն, որում ճշտման համար շատ կարեւոր հարցեր է առաջադրել եւ նշել, որ այդ հարցերի պատասխաններն անհրաժեշտ են նախաքննությունն իրականացնելու համար։ Սակայն չի սպասել ոստիկանության կողմից այդ հանձնարարության կատարմանը եւ առանց այդ տվյալների ավարտել է նախաքննությունը եւ գործն ուղարկել դատարան։ Իսկ այդ հանձնարարականով ճշտման համար ներկայացվել են հետեւյալ հարցերը.

1) ո՞րն է եղել Արմեն Սահակյանի եւ Սուրեն Թորոսյանի վիճաբանության բուն պատճառը, ի՞նչ գործողություններ են նրանք կատարել դեպքի ընթացքում,

2) ովքե՞ր են մասնակից եղել վիճաբանությանը, եւ ի՞նչ գործողություններ են կատարել,

3) դեպքին հնարավոր ականատես անձանց ինքնությունը, անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով ապահովել նրանց ներկայությունը Թալինի քննչական բաժին,

4) դեպքի վայր հանդիսացող տարածքում տեսանկարահանող սարքեր առկա՞ են, թե՞ ոչ. եթե այո, ապա ո՞ր հասցեներում. ձեռնարկել աշխատանքներ տեսագրությունները վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով,

5) ի՞նչ գործիք կամ միջոց է գործադրվել վիճաբանության ժամանակ,

6) տուժողը ցուցմունքով հայտնել է, որ գյուղացիները դժգոհ են կատարողի գործողություններից. պարզել, թե որն է դժգոհության պատճառը, արդյոք կատարողը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը,

7) կողմերի միջեւ նախկինում վիճաբանություններ եղե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս են ավարտվել նախկին վիճաբանությունները, ի՞նչ գործողություններ են կատարվել կողմերի կողմից, ովքե՞ր են մասնակցել եւ ի՞նչ գործողություններ են կատարել։

Կրկին կարդալով այս հարցերը ակնհայտ է դառնում, որ դրանց պատասխանները էական նշանակություն ունեն նախաքննության համար եւ անմիջականորեն հենց այդ հարցերի պատասխաններից է կախված, թե ինչ է կատարվել, ինչու է կատարվել, անգամ ինչ կկատարվեր, կամ մեղադրյալը ցանկանում էր կատարել, եթե այլ անձինք, անկախ մեղադրյալի կամքից, չկանխեին դեպքը։ Միայն այսքանն էլ ամբողջապես բավարար է, որպեսզի հիմնավորապես պնդենք, որ նախաքննությունն իրականացվել է առնվազն հանցավոր անփութությամբ։ Իսկ այդ առնչությամբ պատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՀՐԱՄԱՅԵԼ Է ՆԱՀԱՆՋԵԼ

ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար Վ.Հ.-ն ռազմական դրության ժամանակ մարտական գործողությունների պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 2-ին, չունենալով զբաղեցված մարտական դիրքերից նահանջելու վերաբերյալ ավագ պետի հրամանը կամ թույլտվությունը, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու եւ տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմին անհիմն հրամայել է նահանջել, ինչի հետեւանքով անձնակազմը լքել է մարտական դիրքերը: Այնուհետեւ Վ.Հ.-ն «ձախ ծնկան հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, այտուցի ձեւով» թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք ստացած լինելու պատրվակով դիմել է բուժօգնության եւ մի քանի օրով ազատվել ծառայողական պարտականությունների կատարումից: Ապաքինվելուց եւ շարք վերադառնալուց հետո Վ.Հ.-ն, տեղեկանալով, որ վաշտի անձնակազմի հետ մեկնելու է մարտական առաջադրանք կատարելու, փորձել է համոզել սերժանտ Ա.Մ.-ին արհեստական եղանակով վնաս պատճառել իր առողջությանը. սերժանտ Ա.Մ.-ից մերժում ստանալուց հետո Վ.Հ.-ն որոշել է ինքնուրույն անդամախեղում կատարել: 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհով ընթանալու ժամանակ, Վ.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է իր աջ ազդրին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: ՀՀ ՊԲ հրամանատար Վ.Հ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 2023 թվականի հուլիսի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Հ.-ի նկատմամբ: 2023 թվականի օգոստոսի 1-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական, 2023 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արարատի մարզի Վեդի համայնքում վարել է «DAEWOO» մակնիշի, 23 LS 846 հաշվառման համարանիշի ավտոմեքենան եւ ենթարկվել է վթարի։ Մերի Վարդանյանի սթափության վիճակի զննությամբ պարզվել է, որ նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,411 միլիգրամ, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ համարվում է ոչ սթափ վիճակ, ինչի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 00:35-ին, կազմվել է թիվ ԱՆ080970 վարչական իրավախախտման մասին արձանագրությունը՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու վերաբերյալ։




Լրահոս