ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչի՞ համար է մուծվում գազի ներտնային սպասարկման վարձը, եթե սարքավորումների փչանալու դեպքում համապատասխան մասնագետները չեն վերանորոգում: Մեր ջրատաքացուցիչը փչացել էր, զանգահարեցինք, 3 օր սպասեցինք, չեկան: Ստիպված դրսից ուրիշ մասնագետ ենք կանչել, վճարել ենք, նոր միայն վերանորոգել են: Այնքան ենք բարկացել, որ չենք էլ ուզում այսուհետ սպասարկման գումարը վճարել: Մասնագետները պատճառաբանում են, որ իրենք պարտավոր չեն սարքավորումները վերանորոգել: Հետաքրքիր է իմանալ` սարքավորումների փչանալու դեպքում ո՞ւմ դիմենք:

Վոլոդյա Հարությունյան, 55 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներտնային գազասպառման համակարգի պլանային տեխնիկական սպասարկումը ներառում է`
գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը գործարկված վիճակում, անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը (ըստ կազմակերպության ստանդարտի` սպասարկման ժամանակ իրականացվում է նաեւ գազացանցի եւ գազասարքերի վրա տեղադրված փականների քսայուղում, ստուգվում է կենցաղային գազասարքերի, սարքավորումների ավտոմատ հարմարանքների աշխատունակությունը, իրականացվում է ինքնաշխատ ձայնազդանշանային անվտանգության համակարգի աշխատունակության ստուգում` թեսթավորում),
ներտնային գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին բնակարանում ներկա գտնվող եւ տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացիների հրահանգավորումը:
Արտապլանային այցերը եւ նորոգման աշխատանքներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի, փոխարինման ենթակա պահեստամասերը պետք է տրամադրվեն բաժանորդի կողմից:
Ինչ վերաբերում է բաժանորդի կողմից «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ կատարված զանգին, ապա, բաժանորդի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքում պարզվեց, որ բաժանորդը զանգահարել է հեռախոսահամարով, որը չի պատկանում «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊ ընկերությանը:
Օգտվելով առիթից` եւս մեկ անգամ ցանկանում ենք իրազեկել «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ Երեւանի ԳՀՏՍ ծառայության արագ արձագանքման հեռախոսահամարների մասին, որոնք են` 55-85-47, 29-75-31, 23-93-27 եւ հասանելի են ժ. 9:00-18:00:

«Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի տնօրենի առաջին
տեղակալ Մկրտիչ Ջալալյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր կլիներ նաեւ տեղեկանալ, թե «Հայռուսգազարդ»-ը եւ «Էյ-Ի-Ջի սերվիս» ընկերություններն ինչ են մտածում, այսպես կոչված, սպասարկման վճարը գազի ամսական վարձավճարի մեջ ներառելու ուղղությամբ:




Լրահոս