ՌԴ պետական մարմինները վերահսկողություն չեն ունենա Yandex Go-ի տվյալներին. Արդարադատության նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ տարի առաջ ռուսական մամուլում և այնուհետև նաև տարբեր միջազգային աղբյուրներում սկսվեց լուրեր պտտվել, որ տեղեկատվության տարածման կազմակերպիչների ռեգիստրում մուտքագրված տաքսի ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև օգտատերերի տվյալներին, քարտեզներին, հասցեներին եւ այլնին հասանելիություն է ունենալու ռուսական հատուկ ծառայությունները՝ ФСБ-ն:

Հայաստանում հատկապես անհանգստության առիթ հանդիսացավ Yandex Go կազմակերպությունը, քանի որ շուկայում դեռ վաղուց աշխատող այս ընկերությունը Ռուսաստանից է եկել ի սկզբանե։ Այս ամենը սակայն օդում կախված խոսակցություններ էին, որի ճշմարտացիությունը դեռևս հաստատված չէ, քանի որ որևէ հաստատում չի եղել որևէ մեկի՝ այդ թվում ՌԴ պետական մարմինների կողմից։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, երբ պետք է օրենքը ուժի մեջ մտներ, թեման սկսեց նորից լայնորեն քննարկվել տարբեր երկրներում:

Պետական մարմիններից իրավիճակին առաջիններից արձագանքողներից էր Ֆինլանդիայի կառավարությունը: Մասնավորապես, հարցի երկար ուսումնասիրությունից հետո հայտարարվեց, որ իրենք մտադիր չեն սահմանափակել ռուսական Yango տաքսի ծառայության գործունեությունը, որը հանդիսանում է Yandex ՍՊԸ-ի դուստր ձեռնարկությունը՝ Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական բարեփոխումների ֆոնին։ Այս մասին հայտնեց РИА Новости-ն՝ հղում անելով տրանսպորտի և կապի նախարար Լուլու Ռաննեի մեկնաբանությանը։

Չորս էջանոց փաստաթղթից, ի թիվս այլ բաների, հետևում է, որ «ըստ ֆիննական տրանսպորտի և կապի Traficom գործակալության, Ridetech International B.V. տաքսի ծառայության տվյալների երթևեկությունը (Yango հավելված) իրական վտանգ չի ներկայացնում անվտանգության համար… օրենքի շրջանակներում հնարավոր չէ միջամտել դրա աշխատանքին»։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության հետ: Նախարարությունից հայտնեցին, որ երևույթը չի տարածվելու ՀՀ-ի վրա, ասելով՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում օրեր առաջ Անձնական տվյալների գործակալությունն ուսումնասիրություն էր սկսել մամուլում հայտնված տեղեկությունները ստուգելու նպատակով՝ առ այն, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից Yandex-ի հայ օգտատերերի տվյալները հասանելի են դառնալու Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը:

«Րայդթեք էյ էմ» ընկերությունը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության օգոստոսի 9-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 580-ФЗ դաշնային օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում Yandex Go-ի, ինչպես նաև ընկերության գործունեության այլ ասպեկտների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ կապ հաստատեց Յանդեքս ընկերության հայաստանյան գրասենյակի հետ, որտեղից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի օրենսդրությունը չի տարածվում Հայաստանում ծառայության և դրա օգտատերերի վրա, քանի որ նրանք ուղևորություններ են կատարում և օգտագործում հավելվածը Ռուսաստանի սահմաններից դուրս, որը և չի փոխվի նաև սեպտեմբերի 1-ից հետո:

«Մեր ընկերությունը հավատարիմ է անվտանգության քաղաքականության բարձր չափանիշներին, որոնք հաստատված են SOC2/3 տվյալների անվտանգության, մատչելիության, մշակման ամբողջականության և գաղտնիության վերաբերյալ միջազգային հանրային հաշվետվությամբ»,- տեղեկացրին ընկերությունից ասելով, որ դա իրենց անփոփոխ դիրքորոշումն է:

Yandex Go-ի փոխանցմամբ՝ հայկական «Ռայդտեխ ԷյԷմ» ՍՊԸ-ն, որը Հայաստանում օգտատերերին տրամադրում է Yandex Go ծառայությունը, մշակում է օգտատերերի անձնական տվյալները Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ապահովում է տվյալների սուբյեկտների բոլոր նախատեսված իրավունքները:

Հայաստանում ծառայության աշխատանքի հետ կապված տվյալները կարող են պահանջվել օտարերկրյա (այդ թվում ՝ ռուսական) պետական մարմինների կողմից բացառապես պաշտոնական հարցման միջոցով և միայն սահմանված միջազգային ընթացակարգերի շրջանակներում:




Լրահոս