Մոտ 60 հազար զինվորական է այս պահին կռվում Արցախի դեմ՝ մինչև ատամները զինված. իրավիճակն աղետալի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը Արցախից նոր տեղեկություններ ստացավ իրավիճակի վերաբերյալ: Ըստ այդմ, այնպիսի ինտենսիվությամբ մարտեր, ինչպես ընթացել է ողջ օրվա ընթացքում և շարունակվում է այս պահին, անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ չի եղել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի մոտ 500 կմ շառավիղով սահմանի երկայանքով 450 կմ հատվածում այս պահին ընթանում են ինտենսիվ մարտեր: Ականանետներից և հրթիռներից բացի, ԱԹՍ-ներ են կիրառվում, նաև ավիահրթիռներ են հասցվում Արցախի ողջ տարածքում: Իսկ ինչ վերաբերում է ցամաքային կռիվներին, ապա անհամեմատ անհավասար պայմաններում են արցախցի մեր հայրենակիցները մարտնչում: ArmLur.am-ին Արցախից փոխանցեցին, որ մոտ 60 հազար զինվորական է այս պահին կռվում Արցախի դեմ՝ մինչև ատամները զինված: Իսկ շրջափակված Արցախում հաճախ զենք չկա:

Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները վերացնում են բոլոր ռազմական և ռազմավարական օբյեկտները, ոչնչացնում են բոլոր հնարավոր  հրամանատարական կետերը, ինչպես նաև ռմբակոծում են խաղաղ բնակչությանը: Արդեն ունենք 5 քաղաքացիական զոհ, հարյուրավոր վիրավորներ: Մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ էլ զինվորականների կողմից կան:

Ընդգծենք, որ 9 ամիս կիսասոված ապրած արցախցի վիրավորներին տեղափոխելու համար բենզին, դիզվառելիք չկա և հնարավոր չի լինում հաճախ փրկել վիրավորների կյանքը:
Էներգետիկ ենթակառուցվածքները գրեթե ոչնչացված են. լույս, գազ, որոշ տեղերում ջուր չկա:

Արցախում այս պահի դրությամբ աղետալի իրավիճակ է: Եթե այսպես շարունակվի, ապա Արցախը երկար չի կարող դիմագրավվել թշնամուն: Իհարկե, մինչ այս պահը դիմադրություն կա, Ադրբեջանը ևս լուրջ մարդկային և տեխնիկական կորուստներ ունի, բայց երկար շարունակվելու դեպքում Արցախը կընկնի:

Տեղեկացնենք, որ շատ բնակավայրեր Ադրբեջանն արդեն օկուպացրել է, առաջխաղացում ունի: Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է:

Այս պահի դրությամբ բոլոր կողմերից շրջափակված Արցախից կանանց և երեխաներին տարհանում են, իսկ տղամարդիկ կռվում են մինչև վերջին շունչը:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա նրանք ֆիզիկապես այնտեղ են, բայց խաղաղության նպասող որևէ քայլ դեռ չեն ձեռնարկում:




Լրահոս