«Տան գները 250.000-ից են սկսվում, մենք էլ թոշակով ապրող մարդիկ ենք». բանկերի դիմաց հերթերն ու արցախցիների խնդրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ վաղ առավոտից «Արցախբանկ»-ի մոտ հերթեր էին գոյացել, մարդիկ կտրոնը քաշել և սպասում էին, թե իրենց հերթը երբ կհասնի, որպեսզի հասկանան՝ ինչպես են կարողանալու ստանալ բանկում թողած իրենց հասանելիք գումարը կամ ավանդը:

Բնակիչներից մի քանիսի հետ խոսելիս հասկացանք, որ շատերը մնալու տեղ անգամ չունեն և դա կապված է ոչ թե գյուղում կամ քաղաքում ապրելու նախապայամանների, այլ առաջարկված պայմանների հետ:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ պայմաններ են առաջարկվում արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց նրանք չեն համաձայնվում:

Տիկին Արմինեն եկել էր Մարտակերտի շրջանից, ամուսնու հետ սպասում էին իրենց հերթին՝ հասկանալու համար, թե արդյոք կարող են բանկից վերցնել իրենց հասանելիք ավանդը, որն իրենց անունով չէր, այլ տատիկի, ով բավականին ծեր է և վերջին դեպքերից ելնելով, անգամ տեղաշարժվել չի կարող: Մտահոգ սպասում էր իր հերթին, վստահ լինելով, որ բանկից առանց որևէ բանի դուրս է գալու կամ էլ լավագույն դեպքում ասելու են՝ «Ձեր անունով չէ, տատիկին բերեք»:

«Եկել ենք Մարտակերտի շրջանից, տուն-տեղ ամեն բան թողել, եկել ենք։ Ներկա պահին անգամ մնալու տեղ չունենք, հիմա էլ սպասում եմ իմ հերթին, տեսնեմ՝ ինչ կասեն: Ավանդը մեր տատիկի անունով է, եթե ասեն իրեն բեր, չգիտեմ ոնց բերեմ, էդքան ապրումներից հետո անգամ նորմալ խոսել չի կարողանում, դժվարանում է անգամ քայլել, առանձնապես հույս էլ չունեմ, որ ինչ-որ բան կլինի»,-ասաց տիկին Արմինեն:

Իսկ տիկին Անահիտը լուռ ու մտահոգ սպասում էր՝ հասկանալու համար, թե բանկից եղած իրենց հասանելիքից բացի ինչպես պիտի տուն գտնեն.

«Ես եկել եմ Ասկերանի շրջանից, ներկա պահին ապրում ենք ամուսնուս ընկերոջ տանը։ Մեզ տարել են Աբովյանի ինչ-որ գիշերօթիկի տարածք են առաջարկում, որտեղ սանհանգույցը և շատ այլ ուրիշ բաներ ընդհանուր են։ Ամուսինս առողջական խնդիրներ ունի, եթե անգամ ես էլ կարողանամ, նա հաստատ չի կարողանա։ Առավոտից ոնց հերթ կանգնի էդպես հիվանդ, որ մի բանից կարողանա օգտվի: Ես համաձայն եմ՝ թող գյուղում լինի, վերանորգված էլ չլինի, բայց թեթև ապրելու պայմաններ լինեն։ Տան գները 250.000-ից են սկսվում, մենք էլ թոշակով ապրող մարդիկ ենք, ոնց տանք էդքան գումար, գոնե հասկանանք՝ որտեղ ենք գտնում տուն, որ աշխատանք էլ գտնենք, հարմարվենք»:

Տիկին Անահիտը վերջում նշեց, որ իրենք եկել են ընդամենը մեկ պայուսակով, ովքեր մեքենա են ունեցել կարողացել են որոշ իրեր հետները բերել,ո վքեր էլ հարևանի հույսին են մնացել․ կարողացել են ընդամենը մի քանի շոր կամ կարևոր փաստաթուղթ վերցնել:

Բանկի պատասխանատուների հետ մեր զրույցը՝ այստեղ։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս