Ղրիմը Ռուսաստանի համար ծախսատար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանի դիրքորոշումը խփում է նրա տնտեսական ու ներքաղաքական կայունությանը, սակայն նա շարունակում է որդեգրել չպատճառաբանված կեցվածք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` ավելացնելով, որ եթե Ղրիմն անցնի Ռուսաստանի ազդեցության տակ, ապա Ռուսաստանը մեծ ծախսերի տակ կընկնի: Դա Ռուսաստանի համար անցանկալի է:

Ըստ Անուշ Սեդրակյանի` Ռուսաստանն իր այս քաղաքականությամբ ենթարկվելու է տնտեսական ու դիվանագիտական մեկուսացման, ապա կմեկուսանա նաև Մաքսային միությունը, այդ թվում՝ նրա ապագա անդամները, այսինքն` Հայաստանը: Սակայն եթե Ռուսաստանը կարող է դիմակայել Արևմուտքի կողմից կիրառվող սանկցիաներին, ապա հետխորհրդային երկրներն ի վիճակի չեն:

Անուշ Սեդրակյանի համոզմամբ` Հայաստանը՝ որպես Մաքսային միության անդամ, կենթարկվի ոչ միայն միջազգային, այլև՝ տարածաշրջանային մեկուսացման:

«Ուկրաինան արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, և անհնար է արդեն որևէ բան փոխել, ինչքան էլ գաղափարական կամ տեղեկատվական պատերազմ գնա»,- նշեց Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա` բոլոր դիկտատորական շարժումները ենթակա են փլուզման 21-րդ դարում և հետսովետական երկրների խնդիրն է չմնալ այդ իմպերիայի փլատակների տակ ու դիմակայել այդ փլուզմանը, և որ Ղարաբաղ-Ղրիմ թեզն անընդհատ շահարկելը վտանգավոր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար:




Լրահոս