Անկլավների մասին խոսելով՝ կարող ենք ասել, որ այդ պահանջն անօրինական է: Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նրանք նշում են, որ նրանք ժառանգ են 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության, որը Մուսավաթական Հանրապետությունն էր։ Նրանք չեն ճանաչում Խորհրդային Ադրբեջանին որպես իրենց նախնի։ 1918-1920 թվականը Նախիջևանը հիմնականում Հայաստանի տիրապետության տակ էր, ոչ մի անկլավ չկար Հայաստանի տարածքում, Հայաստանին տրված 1200 քառակուսի կիլոմետր հայկական արոտավայրերը և անտառները պատկանում էին Հայաստանին։ Այդ բոլոր անկլավները և 1200 քառակուսի կիլոմետր տարածքներն Ադրբեջանին տվել է Խորհրդային Միությունը և տվել է Խորհրդային Ադրբեջանին, իսկ եթե Ալիևը հայտարարում է, որ ինքը ժառանգն է Առաջին Հանրապետության, ինչ իրավունքով է պահանջում անկլավները։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Գալչյանի խոսքով՝ առաջին անգամ որպես անկլավ ստեղծվել է Արծվաշենն Ադրբեջանի տարածքում, որպես տարածք այն ամբողջովին հայկական էր մինչև 1926-1927 թվականները, այդ թվականներից հետո ադրբեջանցիներն այդ տարածքները յուրացրեցին՝ ինչ փաստաթղթերով, չգիտենք։ Մի քանի տարի անց Արծվաշենն ամբողջովին վերցրեցին։ Արծվաշենը Հայաստանի տարածքին մի փոքրիկ ճանապարհով էր կապվում, իսկ 30-ական թվականներին այդ ճանապարհներն էլ յուրացրեցին՝ այն դարձնելով անկլավներ։
Հարցին, թե ինչպես է ստացվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, որի մեջ մտնում է նաև Արծվաշենը, սակայն դուք նշում եք, որ այն վաղուց հայկական չէ, մասնագետը պատասխանեց․
«Խորհրդային քարտեզները, որոնցով մենք անկախացել ենք Արծվաշենը նշված է որպես Հայաստանի տարածք Ադրբեջանի մեջ, բայց այստեղ խնդիրներ կան։ Անցնելով Տավուշի մարզի անկլավներին՝ Բարխուդարին և Ասկիպարին, այդ երկուսը նրանց են տվել 1936 թվականին, իսկ Տիգրանաշենը տրվել 1939 թվականին։ Այս բոլորը տրվել է առանց որևէ օրինական հիմքի և պաշտոնական գրության։ Պարզապես խորհրդային քարտեզի վրա գծել են որպես անկլավ և դրանից հետո քարտեզները այդես են տպվել։
2 տարի առաջ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ եթե Հայաստանը հայտարարում է, որ անկլավները իրենն է, ապա թող փաստաթուղթ ներկայացնի։ Այդ անկլավները գտնվում են մեր տարածքում, եթե որևէ մեկը նկրտումներ ունի դրանց հետ հայտարարում է, որ իրենն է, ապա թող ինքը փաստաթուղթ ներկայացնի։ Այսպիսով անկլավների խնդիրը չեղյալ է համարվում, դրա համար Իլհամ Ալիևն անկլավների մասին չի խոսում և սկսել է խոսել գյուղերի մասին։ Այս 8 գյուղերից 4-ը մտնում են անկլավների մեջ, իսկ Ադրբեջանը դրանց համար էլ փաստաթուղթ չունի։ Մյուս 4 գյուղերը գյուղեր չեն, այլ վարելահողեր են և անտառածածկույթներ, տարբեր գյուղերի մոտ։ Նա ասում է, այդ գյուղերը պետք է տանք իրեն, եթե այդպես է, ապա Խորհրդային Միության այդ տարածքները՝ 1200 քառակուսի կիլոմետրը, պիտի վերադարձնեն մեզ, որովհետև 1926-ի քարտեզի մեջ այդ տարածքները մերն են։ 1926 թվականի առաջին հանրագիտարանում հրատարակված Հայաստանի քարտեզում ոչ մի անկլավ գոյություն չունի։ Այդ քարտեզով կարող եք տեսնել, որ նշված են այն տարածքները, որոնք քիչ-քիչ Խորհրդային Միությունը հանձնել է Խորհրդային Ադրբեջանին։ Այս բոլորը ապօրինի են տրվել։ Այն ժամանակ գյուղացիները չէին էլ իմացել, որ այդ տարածքները հանձնված են։
Եթե պատկերացնենք, որ անկլավները հանձնել ենք Ադրբեջանին, ապա Ադրբեջանն ունենում է 3 տարածք Հայաստանի տարածքում, չորս կողմից շրջապատված հայերով։ Եթե նրանք որոշեն գալ այստեղ ապրել, ապա կպահանջեն ճանապարհ կապ Ադրբեջանի հետ կապվելու համար, ինչն անթույլատրելի է։ Եթե ադրբեջանցին գա նստի մեր երկրում, հետո ինչպես պիտի գնա իր երկիր»,-եզրափակեց նա։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան