Ի՞ՆՉԸ ՆՊԱՍՏԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բազմաթիվ գործոններ նպաստեցին Ադրբեջանի վերջնական հաղթանակին Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարատեւ հակամարտությունում: Որոշ գործոններ արմատավորված են Հարավային Կովկասի բարդ պատմության մեջ։ Մյուսները վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չափերի, բնակչության եւ ռեսուրսների անհամամասնությանը: Ի տարբերություն Հայաստանի, որը քիչ բնական ռեսուրսներ ունի, Ադրբեջանը էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկիր է եւ, հետեւաբար, ի վիճակի է մեծ գումարներ ծախսել զենքի վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ասվում է Ամերիկյան Quincy Institute for Responsible Management ամսագրի   Responsible Statecraft-ի հոդվածում:

 

«Լրացուցիչ գործոնները ներառում են Հայաստանի մշտական ներքաղաքական տարաձայնությունները երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական վերնախավերի միջեւ մրցակցություններն ու տարաձայնությունները:

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանը մեծապես կախված է եղել Ռուսաստանի աջակցությունից, սակայն հիմնականում Ուկրաինայի պատերազմի պատճառով Մոսկվայի առաջնահերթությունները փոխվել են։ Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը ավելի կարեւոր են դարձել Մոսկվայի համար, եւ ՌԴ-ի կողմից Հայաստանին համարժեք աջակցություն չցուցաբերելը, մասնավորապես՝ օգտագործելով իր խաղաղապահ ուժերը շրջափակումը դադարեցնելու համար, կանխորոշեց հակամարտության արդյունքն անցյալ ամիս:

Ի դժբախտություն Հայաստանի՝ Ադրբեջանը նույնպես ավելի կարեւոր է դարձել Արեւմուտքի համար Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո: Սա նշանակում էր, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն պատրաստ չէին լուրջ ռիսկի դիմել Բաքվին զսպելու համար:

Վերջապես, Հայաստանի վերջնական պարտությանը նպաստեցին միջազգային եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունները եւ Հայաստանի խոցելի աշխարհաքաղաքական դիրքը: Այդ գործոններից էին Եվրասիայի վերահսկողության համար ռուս-արեւմտյան ավելի լայն մրցակցությունը եւ Իրանին զսպելու եւ մեկուսացնելու Վաշինգտոնի 30-ամյա ջանքերը, որոնք մերժեցին Թեհրանին որեւէ դերակատարություն Հարավային Կովկասում սառը պատերազմից հետո ձեւավորվող տնտեսական եւ անվտանգության կառույցներում, եւ որ ամենակարեւորն է՝ Ադրբեջանից, Կասպից ծովից եւ Կենտրոնական Ասիայից նավթն ու գազը դեպի արեւմտյան շուկաներ տեղափոխելու խողովակաշարերի կառուցման մեջ։

Այս նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգները եւ Եվրոպան փաստացիորեն Թուրքիային տվել են առաջատար դեր Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում՝ եւ՛ որպես Կենտրոնական Ասիայի պետությունների օրինակելի մոդել, եւ՛ որպես Արեւմուտքի հիմնական տարածաշրջանային գործընկեր: Թերեւս Հայաստանը պետք է այն ժամանակ տեսներ ազդանշանը եւ ավելի մոտենար Արեւմուտքին` ձգտելով համաձայնության գալ Թուրքիայի հետ, բայց հաշվի առնելով Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի հետ հայերի պատմությունը, դա հեշտ չէր անել, եւ Երեւանը փոխարենը որոշեց ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ:

Փաստորեն, Հայաստանը կապեր է պահպանել Արեւմուտքի հետ եւ նույնիսկ միացել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Այնուամենայնիվ, չնայած Արեւմուտքի հետ կրոնական եւ մշակութային կապերին եւ քաղաքականապես ակտիվ սփյուռքին, հատկապես՝ Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում, Երեւանի ավելի սերտ կապերը Մոսկվայի հետ հանգեցրել են Արեւմուտքի հանդեպ շարունակական անվստահության: Եվ ժամանակի ընթացքում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների գայթակղությունը չափազանց ուժեղ դարձավ, որպեսզի Արեւմուտքը դիմադրի»:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Տիգրան Առաքելյանը նշանակվել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ։

Նա այդ պաշտոնին նշանակվել է 12 ամիս փորձաշրջանով։

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, նաեւ Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակի վրա։

Այս մասին հայտնում են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:

Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ավարտին կհրապարակվի հայտարարություն:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ՍԼՈՎԵՆԻԱՅԻՆ

ՀՀ կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Սլովենիային։

Գործադիրը հաստատել է 50 հազար եվրո օգնությունը։

Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի «X»-ի միկրոբլոգից։ Նախատեսվող օգնությունը տրամադրվում է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի հետեւանքների դեմ պայքարի համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին եւ 4-ին հորդառատ անձրեւների պատճառով Սլովենիան բախվել է իր նորագույն պատմության ամենամեծ բնական աղետին։ Հայտնի է, որ կան զոհեր, ավերվել են ճանապարհներ, կամուրջներ, շինություններ։

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի եւ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաեւ Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա։

Կողմերը մտահոգություն են հայտնել՝ խոսելով այն մասին, որ ստեղծված իրավիճակին պետք է այնպիսի լուծում տրվի, որպեսզի խաղաղ բնակիչներ այլեւս չտուժեն:

 

 

 

ՎԱՏ ԲԱՆ Է ՀՈՒՇՈՒՄ

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը օկուպացված Ստեփանակերտում Հայաստանի համար լավ բան չի խոստանում. նման կարծիք է հայտնել Կարնեգի եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս Դե Վաալն իր X միկրոբլոգում՝ վերլուծելով Ալիեւի հայտարարությունը։

Նրա կարծիքով՝ «դա զայրացած ելույթ է, որը խոսում է անցյալի դժգոհությունների մասին եւ ոչինչ չի ասում ապագայի կամ հաշտության մասին»:

«Ոչ մի ձիթենու ճյուղ չկա: Խորեոգրաֆիան դա է ընդգծում: Ալիեւը՝ կամուֆլյաժ համազգեստով, Ստեփանակերտի/Խանքենդիի դատարկ հրապարակում: Ավելի ուշ Ալիեւին նկարահանել են լքված փողոցներով եւ գրասենյակներով միայնակ քայլելիս: «#Ղարաբաղն առանց հայերի»-ի շատ նման ուղերձ՝ ադրբեջաներենով «ադրբեջանական ժողովրդին»:

Փորձագետն ուշադրություն է հրավիրում Ալիեւի այն խոսքերի վրա, որ «Ադրբեջանի բոլոր բնակիչները փառաբանում են Ալլահին»։ «Այս «մենք»-ն այստեղ չի ներառում 3 շաբաթ առաջ փախած հայերին, եւ նրանց վերադառնալու կոչ չկա։

Սա շատ անձնական է հնչում, եւ ասես Ալիեւը դեռ ուզում է հաշվեհարդար տեսնել, իր կարծիքով, 17 տարվա նվաստացման համար, երբ հայերը գերիշխող դիրքում էին: Դրա համար նա ծաղրում է Ղարաբաղի հայ առաջնորդներին՝ ասելով, որ նրանք «թեյ են խմում» Ադրբեջանի բանտերում՝ «սպասելով արդարադատության»։

Դա նաեւ անձնական էր այն առումով, որ ելույթը համընկավ 2003 թվականին նախագահի պաշտոնում նրա առաջին երդմնակալության 20-ամյակի հետ: Միգուցե նույնիսկ սեպտեմբերյան ռազմական օպերացիան այս ամսաթվի հետ համընկավ։

Սա լավ բան չի հուշում Հայաստանի համար: Այստեղ ոչ մի նշան չկա այն բանի, ինչի կոչ են անում արեւմտյան երկրները՝ Ալիեւը պետք է սկսի Հայաստանին եւ Փաշինյանին վերաբերվել որպես գործընկերոջ, ոչ թե պարտված թշնամու։

Փոխարենը դա հուշում է, որ Ալիեւը դեռ հավատում է, որ լեգիտիմություն է ձեռք բերում հանրությունից՝ մոբիլիզացնելով հակահայկական տրամադրությունները: Եվ սրանք ուժեղ նշաններ են, որ նա շարունակելու է սպառնալ հենց Հայաստանին»։

 




Լրահոս