ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Վերջին օրերը՝ հայկական Արցախում. ականատեսի աչքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսվեց Արցախի Հանրապետության դեմ: Ուղիղ ժամը 13:00-ին Ադրբեջանը սկսեց զանգվածային հրթիռահրետանակոծությամբ, ապա անօդաչու թռչող սարքերով հարվածել քաղաք Ստեփանակերտին, ինչպես նաև Մարտակերտ, Ասկերան և Մարտունի շրջաններին ու գյուղերին: Մարտերը տեղի ունեցան շփման գծի ողջ երկայնքով: Սառնաղբյուրի, Թաղավարդի, Սոս գյուղի բնակիչների վկայությամբ նշված գյուղերում ադրբեջանցիները կատարել են մի շարք մարդկային դաժանություններ, որոնք կոծկելու համար սպանել են անգամ ռուս խաղաղապահների: Ադրբեջանի Հանրապետության նպատակը մեկն էր էթնիկ զտման ենթարկել հայկական Արցախը:

Սեպտեմբերի 20-ին հայտարարվեց զինադադար: Ըստ զինադադարի՝ պետք է լուծարվեր Արցախի Պաշտպանության բանակը, զինաթափվեր ժողովուրդը և ճանապարհ տրվեր դեպի մայր Հայաստան՝ Արցախը լքելու համար: Սեպտեմբերի 21-ից հայաթափվում էր Արցախն՝ ըստ շրջանների:

Մինչև Արցախից դուրս գալը՝ պատերազմի առաջին րոպեներից ֆիքսել ենք մի քանի դրվագ Ստեփանակերտում այդ օրերում տիրող կյանքից․ շրջանների և գյուղերի բոլոր բնակիչները կենտրոնացել էին քաղաք Ստեփանակերտում։

Մարտեր էին ընթանում Ստեփանակերտի մերձակայքերում՝ Աջափնյակում, Քրքչանում, Քարաշեն գյուղում: Քաղաքից լսելի էր ինքնաձիգի կրակոցների ձայները:

Պատերազմի սկսվելուն պես՝ հանրապետության ողջ տարածքում հոսանք չկար, գազամատակարարումն ամիսներ առաջ էր արգելվել Ադրբեջանի կողմից և մարդիկ հաց էին պատրաստում դրսում՝ փայտի վառարանների վրա:

Հոսանքի բացակայության պատճառով՝ մարդկանց հոսքը չէր բացակայում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության և Կառավարության շենքից, որպեսզի լիցքավորեն հեռախոսները՝ հեռախոսակապ ունենալու համար:

Գաղթի ժամանակ մարդիկ անակնկալի եկան՝ ճանապարհին այդքան երկար կանգնելու համար, և ուտելիք հայթայթելու համար սկսեցին հարակից այգիներից նուռ և տանձ հավաքել:

Ներկայացնենք մի երկխոսություն՝ Արցախի առաջին պատերազմի ազատամարտիկի և մի փոքրիկ երեխայի միջև։

Ճանապարհին մարդիկ մի ընտանիք էին: Փայտ էին հավաքել և միս էին եփում: Նրանց մոտեցավ մի տղա երեխա (հազիվ 12 տարեկան) և դիմեց կանգնածներից մեկին.

-Ձյա՛ձ, կարիս ինձ ինձ էրկու կտոր մէս տաս: Մինը տամ մամուն, մինը՝ կուճիր քվորս:

– Հա՛, մատաղ ինիմ,- ասաց տղամարդը՝ ձեռքի ցելովանի մեջ լցնելով մի 8 կտոր միս:

Դաժան պայթյուն

Սեպտեմբերի 25-ին, ժամը 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, բենզալցակայանում, դեռևս անհասկանալի պայմաններում, պայթուն տեղի ունեցավ և Եղբայրական գերեզմանոցի կողքի ճանապարհից (տարածքը տեղացիներն անվանում են մազի կամուրջ) մարդիկ կիսամերկ ու կիսավառված վիճակում վազում էին հիվանդանոց:

Ճանապարհին մարդիկ մեքենաներում սպասում էին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից ուղարկված շտապ օգնության մեքենաները գան և ծանր վիրավորներին տեղափոխեն ՀՀ:

Ծայրահեղ ծանր վիրավորներին ռուս խաղաղապահների միջոցով ՀՀ էին տեղափոխում ուղղաթիռներով։

Նանիկ Աղասյան




Լրահոս