«Մասիսում մկրտված ավելի քան 140 արցախցիներից ամենափոքրը Ելենան էր։ Ուղիղ 2 տարի անց նա մկրտվում է ծնողների մկրտության օրը: 2021 թվականի նոյեմբերի 14-ին ես և ամուսինս մկրտվեցինք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում։ Ցանկություն ունեի նույն օրը, նույն եկեղեցում իմ փոքրիկին կնքել, բայց Աստված իր կամքը թելադրեց և դուստրս մկրտվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում»,- ասում է Լիլիաննան։
«Բլոկադան ինձ համար թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես շատ ծանր էր: Իմ կյանքի ամենասիրուն ու ամենասպասված փուլում գտնվում էի բլոկադայում: Սկսվեց իմ կյանքի դժվարությունները. խանութները փակ էին, հնարավոր չէր գտնել ո՛չ անհրաժեշտ սնունդ, ո՛չ հիգիենայի պարագաներ: Գազամատակարարում չկար, պարբերաբար հովհարային անջատումներն էին իրենց մասին հիշեցնել տալիս, իսկ դրսում անընդհատ հերթեր էին՝ անսկիզբ ու անվերջ: Ամեն մեկը կանգնած սպասում էր, թե երբ կթխվի իր բաժին հացը: Այդ օրերին չկար անգամ վառելիք՝ ծննդատուն գնալու և ստուգվելու համար, իսկ մեր տունը բավականին հեռու էր ծննդատնից: Ստիպված ոտքով էի կիլոմետրներ քայլում, հասնում հիվանդանոց»,- ասում է Լիլիաննան՝ հիշելով բլոկադայի ծանր օրերը:
Լիլիաննայի խոսքով՝ այդ նեղ օրերին բոլորը մի ընտանիք էին, իրար հետ կիսում էին իրենց ունեցածը: Նա հիշում է, որ վերջին օրերին անգամ ալյուր չկար, բայց միևնույն է հնարամիտ արցախցին մի հնար գտավ: Գյուղերից ցորեն էին հավաքում, ալրաղացում ալյուր ստանում և սև հաց թխում:
«Ծանր էին օրերը, բայց գոնե գիտեինք, որ մեր տանն էինք, մեր պապենական Արցախում»,- ասում է Լիլիաննան:
«Մեկը՝ որդու, մեկը՝ ամուսնու, մեկը՝ հոր սպասումով ապաստանել էինք նկուղում, շուրջբոլորը լացի ձայներ էին: Չէի կարողանում կապնվել ո՛չ եղբայրներիս, ո՛չ էլ մայրիկիս հետ: Նրանք գյուղում էին և կապ չլինելու պատճառով ոչ մի լուր չունեի նրանցից: Անհանգիստ էի: Գիշերը երկար էր ձգվում, արկերի պայթյունները չէին դադարում, իսկ ամենացավալին կողքիս նստած երեխայի հուզումնախառը հարցումներն էին՝ մա՛մ, պապան կգա՞… Առաջին օրը չգիտեմ ինչպես, բայց լուսացրեցինք նկուղում»:
Սեպտեմբերի 20-ին ծնվեց նրա առաջնեկը՝ իր հետ բերելով նոր հույս ու հավատ: Արցախում Լիլիաննան թողել է ամենահարազատը՝ հոր գերեզմանը, հայրական տունը, իր և ամուսնու ստեղծած տունը:
«Ինձ հետ Արցախից կարողացել եմ բերել մի բուռ հող ու տանս բանալին, իսկ մնացածը թողել եմ՝ հույս ունենալով, որ մի օր տուն եմ դառնալու: Սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվելով Արցախից՝ մենք մեզ թողեցինք մեր Արցախում: Իմ հայրենիքը հավերժ կմնա իմ սրտում»,- ասում է Լիլիաննան:
Նանիկ Աղասյան