ՖՈՏՈ․ Լինելով մայր՝ նա չմոռացավ լինել նաև երկրի իսկական քաղաքացի․ Արցախից բռնի տեղահանված Էլինայի պատմությունն ու երազանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բալասանյանների բազմանդամ ընտանքը Արցախում ապրում էր Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: 2023թ. Արցախի հայաթափումից հետո նրանք ևս բռնի տեղահանվում են և բնակություն հաստատում Էջմիածնում: Իհարկե, Բալասանյանները չեն բողոքում, բայց տունը փոքր է, չվերանորոգված ու խոնավ:

«Տունը, ամբողջությամբ թափած էր, ապրելու պայման չկար, բայց ստիպված դասավորվեցինք, ուրիշ գնալու տեղ չկար: Փայտի վառարանով ենք տաքանում: Մեզ համար տանը ցուրտ էր և այդ օրերին էլ նկատեցի դրսում անտեր ու անօգնական շան երկու ձագուկների, որոշեցի վերցնել ու հոգ տանել նրանց մասին: Կարծում եմ՝ հիմա նրանք ինձանից գոհ են, քանի որ կուշտ են ու չեն մրսում»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված 23-ամյա Էլինան:

Խոսելով պատերազմի մասին՝ ընտանիքի մայրը՝ 42-ամյա Նարինե Մուսայելյանը, հիշում է.

«Մեր տղամարդիկ դրսում պաշտպանում էին գյուղը, գնացինք ռուսին ասեցինք օգնեն, բայց ասացին՝ մենք հրաման չունենք, ոչ մի բան անել չենք կարող։ Մենք էլ ոչինչ անել չէինք կարող, մնացինք նկուղում: Հաջորդ օրն արդեն համայնքապետն ասաց, որ բնակչությունը պիտի տարհանվի Ստեփանակերտ: Բերդաշենից Ստեփանակերտ գնալն օրեր տևեց: Մեր գյուղում տատիկ, պապիկ ունեինք՝ մենակ էին: Երկար համոզելուց հետո՝ նրանց մեզ հետ բերեցինք Ստեփանակերտ՝ աղջկա տուն: Մեզ թվում էր, թե կլուծվի հարցը ու շուտ կվերադառնանք, չէինք կարծում, որ կհասնենք այստեղ՝ Հայաստան»։

Նարինեն հինգ երեխա ունի՝ երեք աղջիկ, երկու տղա: Ավագը 23-ամյա Էլինան է, ում Արցախի շրջափակման ծանր օրերին միակ լուսավոր կետը եղել է իր դուստրը՝ Լուսէն, որի մեջ էլ տեսնում է իր ողջ կյանքի իմաստը:

«Դեռ շրջափակման ժամանակ, երբ ուտելիք չկար, գրեթե ոչինչ չկար, ամեն ինչ անում էի, որ երեխաս չտխրի: Ժամեր շարունակ հացի հերթ էի կանգնում, որ գոնե հաց գտնեմ երեխայիս համար։ Հիմա էլ, այս ծանր օրերին, նա է իմ շարժիչ ուժը»,-ասում է մեր զրուցակիցը։

Երբ արդեն հայտարարել էին Արցախից դուրս գալու մասին, Էլինան փորձել է սեպտեմբերի 25-ին դուրս գալ, սակայն իմանալով «Հայկազով» զորամասին պահեստի պայթյունի մասին՝ կանգնեցրել է իրեն Հայաստան տեղափոխող մեքենան, երեխային հանձնել հարազատներին ու որպես կամավոր՝ օգնել հիվանդանոց տեղափոխված այրված, վիրավոր մարդկանց։

«Քույրս՝ Գալինան, մասնագիտությամբ դեղագետ է, միասին հետ գնացինք տուն, վերցրինք մկրատ, բինտ, ճանապարհին փակ դեղատան պատուհանները կոտրեցինք, ու արկղերով դեղամիջոցներ, նյութեր ինչ ընկավ ձեռքներիս տակ, վերցրինք, տարանք հիվանդանոց։ Անբացատրելի էր, այրված մսի հոտը տարածվել էր ամբողջ հիվանդանոցում, մարդիկ, որոնց մեջ կային կանայք, երեխաներ, ամբողջությամբ սև էին, այրված, կիսաայրված, մազերը խանձված, մի բուռ դարձած, կանանց եղունգները պոկված, հագուստները պատռված: Այրվածքների ցավից բղավող մարդկանց ձայների ուղեկցությամբ՝ սկսեցի աշխատել՝ մտածելով միայն մարդկանց օգնելու մասին»,- խոր ցավ ապրելով՝ վերհիշում է Էլինան։

Էլինան ասում է՝ արտասվելու ժամանակ չկար, պետք էր հավաքվել, զսպել էմոցիաները և սառնասրտորեն գործել: Վիրավորների հետ խոսում էր ու սիրտ տալիս, որ միասին են հաղթահարելու ստեղծված դժվարությունները: Էլինան հիշում է, որ այդ օրերին բոլորն իրար հարազատ մարդիկ էին:

«Ծանոթ-անծանոթ միևնույն էր, բոլորը կարեկից էին միմյանց հանդեպ: Հանդիպելով անծանոթի՝ հիշում եմ, որ բոլորը հավաքվում էին մի լուր, մի նոր տեղեկություն ստանալու ակնկալիքով: Այդ օրերին ես շարունակում էի հիվանդանոցում լինել: Մարդիկ անընդհատ զանգում էին, հարցնում՝ իրենց հարազատն արդյոք հիվանդանոցում է։ Երբ մոտենում էի, որ ջրով կամ որևէ նյութով վերք սրբեի, ներողություն էի խնդրում, որ կցավեցնեմ ու խնդրում էի, որ ցավից հանկարծ ինձ չխփեն։ Շատ վախենալու էին արտաքնապես այդ մարդիկ»,-հիշում է նա։

Էլինան՝ որպես երկրի իսկական քաղաքացի, իր բաժին պարտքը կատարելուց հետո ուղևորվել է Հայաստան: Գաղթի ճանապարհին, պատմում է, որ անասելի անմարդկային պայմանների է ականատես եղել, սակայն միշտ փորձել է մի լույս գտնել: Գաղթի ճանապարհին մոլորված երկու հավ է գտել և իրենց հետ վերցրել մեքենայի մեջ: Ճանապարհին այդ հավերի ածած ձուն հարևան մեքենաներից մեկի մոտ եղած գազով եփում է ու տալիս երեխային:

«Այդ երկու հավերը միշտ պահելու եմ: Այժմ մեր նոր բնակավայրում բարերարների օգնությամբ 47 հավ եմ պահում, իսկ հավկիթներն էլ պարբերաբար վաճառում եմ: Ստեղծել եմ «Լուսէ օրգանիք» բրենդը, որը ներկայացնում եմ սոցցանցերում: Մենք Արցախում ունեինք մեղուներ, սովորել էի մեղվապահությունը ու վերջերս Լոռիում էի, որտեղ նկատելի էր գյուղատնտեսությամբ զբաղվելու բարենպաստ պայմանները: Շատ կուզեմ այնտեղ տուն ունենալ, պահել մեղուներ և օրգանական մթերք վաճառել»,-իր երազանքի մասին է բարձրաձայնում Էլինան։

Նանիկ Աղասյան




Լրահոս