Արցախից բռնի տեղահանված անձինք զինգրքույկ կարող են ստանալ միայն ՀՀ ԶՈւ պահեստազորում հաշվառվելուց հետո. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Պաշտպանության բանակում ծառայություն կատարած ժամկետային զինվորները, որոնց ծառայությունը կիսատ է մնացել, կարող են ՀՀ Պաշտպանության նախարարությունից թույլտվություն վերցնել զորացրվելու համար, սակայն նրանց զինվորական գրքույկ կտրամադրվի միայն այն դեպքում, եթե ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

ArmLur.am-ը մանրամասները իմանալու համար դիմել էր ՀՀ ՊՆ, որտեղից մեզ գրավոր-պատասխանով տեղեկացրեցին, որ համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասին՝ զինվորական հաշվառում իրականացնում են՝ զինվորական մշտական բնակության վայրի զինվորական կոմսիսարիատը և ՀՀ զինվորական կոմիսարիատը՝ Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և հյուպատոսական հաշվառման վերցված զինապարտներինը:

Համաձայն ՀՀ Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի № 1269-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում, ըստ բնակության վայրի հաշվառված զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումն իրականացնում է Երևան քաղաքի կամ մարզի համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատը, իսկ ՀՀ-ում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և օտարերկրյա պետությունում հյուպատոսական հաշվառման վերցված զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումը՝ ՀՀ զինվորական կոմիսարիատը:

ՀՀ զինվորական կոմիսարիատն իրականացնում է նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող և օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող՝ զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումը՝ մինչև օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտության կամ հյուպատոսական մարմնում այդ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման կանգնելը:

«Քաղաքացու զինվորական հաշվառման վերցրված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար՝ զինվորական գրքույկն է, որի լրացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով, և քաղաքացու զորակոչի կամ պահեստազորում հաշվառվելու օրը տրվում է վերջինիս»,- տեղեկացրեց ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը:

Տեղեկատվության համաձայն՝ քաղաքացու զինվորական հաշվառման վերցված լինելու հանգամանքը կարող է հաստատվել նաև զինվորական կոմիսարիատի կողմից՝ ըստ անհրաժեշտության տրված տեղեկանքով:

«Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց համապատասխան գրառումներով զինվորական գրքույկ (տեղեկանք) կարող է տրվել միայն օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ ԶՈւ պահեստազորում հաշվառվելուց հետո»,- նշեց Հ. Բադիկյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս