Արցախցի փոքրիկ Զարուհին 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տարհանվել է Արցախի Ջրական գյուղից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցի ժամանակ Զարուհին հիշում է. «Երբ սկսվեց պատերազմը, եղբորս հետ տանը մենակ էի: Մայրիկս զանգեց եւ ասաց, որ շտապ իջնենք նկուղ, հետո կապն ընդհատվեց: Մեզ նկուղ տարավ մեր հարեւանուհին իր երեխաների հետ: Երբ արդեն իմացանք, որ պիտի լքենք Արցախը, հայրս իր ընկերոջ հետ վառելիք գտավ: Նույն ընկերոջ մեքենայով ճանապարհվեցինք (միայն մեքենայի հետեւի մասում 6 հոգով էինք): Մեզ հետ կարողացանք միայն վերցնել եղբորս շքանշանները: Երկու օր մնացինք ճանապարհին: Նախ եկանք Մասիս, մի քանի օր մնացինք այնտեղ, Մասիսից՝ Թալին, իսկ հետո՝ Աշտարակ»:
Զարուհին ասում է՝ երկու պատերազմները համընկան իր ծննդյան հետ: 44-օրյա պատերազմի ժամանակ նա Ջրական գյուղում էր, երբ սկսվեց պատերազմը: Անհամբերությամբ սպասում էր հոկտեմբերի 1-ին, որ նշեր իր տարեդարձը, սակայն ինչպես Զարուհին է ասում, սիրտ չուներ ծնունդ նշելու. հայրիկը տանը չէր, իսկ առանց հոր նա, հաստատ, ծնունդ չէր նշի: Նույն անհամբերությամբ սպասում էր նաեւ այս ծնունդին, երբ կլրանար իր 10 տարին, սակայն այս անգամ էլ հիշում է գաղթի օրերը:
«Մենք Ջրականից տարհանվելուց հետ վարձով բնակվում էինք Ստեփանակերտի Կնունյանցների 28/20 հասցեում. երբեք չեմ մոռանա այդ հասցեն: Կարճ ժամանակ հետո այդ հասցեն ինձ Ջրականի պես հարազատ էր դարձել: Մենք մեզ լավ էինք զգում այնտեղ, ուրախ, երջանիկ: Հիշում եմ բլոկադայի ծանր օրերը, երբ 3 օր առանց հաց էինք մնացել: Հերթ պահում էինք, բայց այդ հերթը օրեր շարունակ մեզ չէր հասնում: Երբ առանց հաց էինք ճաշում, մաման մեզ միշտ սփոփում էր՝ ասելով, որ բլոկադան մի օր կավարտվի, եւ մենք ծիծաղով կհիշենք այդ օրերը»,- պատմում է 10-ամյա Զարուհին: Իհարկե, բլոկադան ավարտվեց, սակայն նրա ավարտն ավելի ծանր եղավ, քան հենց բլոկադան՝ իր ողջ գույներով: Այժմ բնակվում են Աշտարակում 4 հոգով՝ հայրը, մայրը, եղբայրը եւ ինքը: Ապրում են վարձով 2 սենյականոց տան մեջ: Տանը բացակայում է գազամատակարարումը: Ինքը եւ եղբայրը հաճախում են դպրոց: Հայրը առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է, իսկ մայրը հոգում է հոր խնամակալությունը: Պետությունից աջակցություն ստացել են, բայց այն մի կերպ հերիքում է տան վարձին եւ ամենօրյա ծախսերին: Ակնկալում են աջակցություն, որ կարողանան աշխատանք գտնել ու շուտ ոտքի կանգնել:
ԹԵՐԹԸ՝ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Ազատ Արցախ» հանրապետական թերթը տարիների ընթացքում տարբեր անվանումներով ու կարգավիճակով է ներկայացել ընթերցողին: Թերթը լուսաբանել է արցախյան հերոսամարտը, զինադադարից հետո՝ քայքայված տնտեսության վերականգնման, նորաստեղծ հանրապետության պետական կառույցների ստեղծման, Արցախի արդար դատը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու, հանրապետության մշակութային, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, կրթության, առողջապահության եւ այլ հարցեր։
Իր հարյուր տարիների ընթացում ունեցել է բազում վերելքներ ու դժվարություններ, ենթարկվել փորձությունների, բայց, միեւնույնն է, եղել է Արցախի պատմության ճիշտ արտացոլանքն ու ուղեկիցը:
Այսօր Արցախի հայաթափման եւ որպես պետություն լուծարման պայմաններում թե ինչ ճակատագրի պիտի արժանանա «Ազատ Արցախ» հանրապետական թերթը, պարզաբանում է թերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը: «Այսօր ավելի կարեւոր է թերթի լինելը, քան վերջին 4-5 տարիների ընթացքում էր: Ինչո՞ւ: Որովհետեւ մարդկային ճակատագրի, ժողովրդի ու երկրի այս վիճակում ժողովրդին համակ ու ամփոփ պահել կարող է միայն թերթը:
Այսօր հայաստանյան գործող բոլոր լրատվամիջոցները միասին չեն կարող կատարել այն գործը, ինչ կարող է անել թերթը, թեպետ հիմա, ինչպես տեսնում եմ, շատ քչերին է թերթը հետաքրքրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է Նորեկ Գասպարյանը՝ հավելելով, որ փորձելու է բոլոր հնարավոր քայլերը՝ թերթը թեկուզ էլեկտրոնային տարբերակով պահելու:
«Փորձում եմ գտնել հովանավորների, որպեսզի կարողանանք գոնե էլեկտրոնային տարբերակով թերթը պահպանել, սակայն դեռ ոչ մի արձագանք չենք ստացել: Թվում է՝ ժամանակակից այս աշխարհում թերթն այլեւս ոչ մեկին չի հետաքրքրում: Ստեփանակերտում եւս վերջին 6-7 ամիսներին աշխատել ենք էլեկտրոնային տարբերակով, քանի որ ճանապարհները փակ էին, իսկ թերթը տպագրվում էր Երեւանում՝ «Անտարես» տպագրատանը»,- պարզաբանում է Ն. Գասպարյանը:
Խմբագրի խոսքով՝ թերթի բաժանորդների թիվը 44-օրյա պատերազմից հետո ակնհայտորեն նվազել է՝ պայմանավորված Արցախի տարածքների կորստի հետ: Պատերազմից հետո թերթի բաժանորդների թիվը տատանվում էր 150-160 թվերի շրջանում:
Հավելում. «Ազատ Արցախ» Հանրապետական թերթը տարբեր անուններով լույս է տեսնում՝ 1923 թվականից սկսած:
Նախ լույս է տեսել Շուշիում (1923-1925), ապա 1925 թվականից՝ Ստեփանակերտում: 1923 թվականին թերթը լույս է տեսել «Ղարաբաղի գեղջուկ», 1923-1940 թվականներին եւ 1989-1992 թվականներին՝ «Խորհրդային Ղարաբաղ», 1940-1989 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ», 1992 թվականի ապրիլից – 1995 թվականը՝ «Արցախ», 1995-1998 թվականներին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անուններով:
1998 թվականից «Ազատ Արցախ» հանրապետական թերթը հանդիսանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ կառավարության պաշտոնաթերթը:
ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ՝ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Մեքսիկա եւ կմասնակցի Գվադալահարա քաղաքում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը. հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։
Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) եւ Գարիկ Կարապետյանը (102 կգ):
Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:
ՉԵՆ ՕԳՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Կրիստիան Էրիկսենն ու Ռասմուս Հոյլունը վնասվածքների պատճառով այս ամիս չեն օգնի Դանիայի հավաքականին. հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքները ստացել են «Լուտոն Թաունի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 1:0 հաշվով։
20-ամյա հարձակվող Հոյլունը մկանային վնասվածք ունի եւ բաց կթողնի երեք շաբաթ։
31-ամյա կիսապաշտպան Էրիկսենը ծնկի վնասվածք է ստացել եւ չի խաղա մեկ ամիս։
Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն եւ արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ Նրանց վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմ սպասվում է հունվարին։
ՈՐՏԵ՞Ղ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ցանկանում է հանդես գալ Իսպանիայում. այդ մասին ասել է ֆուտբոլիստի գործակալ Նուկրի Ռեւիշվիլին։
«Իտալիայում «Յուվենտուսն» ու «Ռոման» եւս մոտ էին Կվարացխելիային ձեռք բերելուն։ Նրա ծառայությունններով հետաքրքրված էին նաեւ անգլիական եւ իսպանական ակումբներ, սակայն առավել հետաքրքրված էր «Նապոլին»։
Սովորաբար մեծ տաղանդները ծույլ են, բայց Խվիչան ունի խելահեղ աշխատասիրություն, ինչի շնորհիվ էլ ամեն ինչ ստացվեց։ Նա ցանկանում է խաղալ շատ ավելի հզոր ակումբներում՝ «Ռեալում», «Բարսելոնայում»։ Նա միշտ ունի աճելու մոտիվացիա»,- Ռեւիշվիլիի խոսքը մեջբերում է sport24.ru-ն։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կվարացխելին մասնակցել է 11 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։