Կլինեն արդյոք փոփոխություններ գազի և ջրի սակագների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կլինեն արդյոք փոփոխություններ գազի և ջրի սակագների վերաբերյալ․ այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Ըստ նրա՝ նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու։

Արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը․ «Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»։

Ինչ վերաբերվում է գազի սակագնային փոփոխությանը, վերջինս նկատեց՝ այս մասով դեռևս օգոստոսի 1-ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։

«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին՝ քաղաքական գործընթացները, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարո՞ղ են ազդել գազի սակագնի վրա, ՀԾԿՀ նախագահը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում, սակայն ընդգծեց, որ 165 դոլարը ֆիքսվել է 10 տարիների համար։




Լրահոս