ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը քաղաքացիների համար կնվազեցվի 75 տոկոսով, բայց պայմանով․ ինչի մասին է խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը քաղաքացիների համար կնվազեցվի 75 տոկոսով, եթե քաղաքացին 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիրը. հանվում է այդ պայմանագիրը Ոստիկանություն ներկայացնելու պահանջը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Ավելի պարզ վարչարարություն նախատեսող նախագիծը պատգամավորը ներկայացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Գործող կարգավորմամբ՝ ՀՀ քաղաքացիները ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Բայց գոյություն ունի խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ, այսինքն՝ ի սկզբանե նախատեսված գումարի 25 տոկոսի չափով:

«Մեր քաղաքացիներն, այսինքն, ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաև պայմանագիրը ներկայացնել կամ Ոստիկանության բաժանմունք կամ որևէ պարեկային ծառայողի: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այս հավելյալ պարտավորություն հանել քաղաքացիների վրայից, որովհետև այս տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը»,-ասաց Աղաջանյանը:

75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող, խրախուսող նորմը ժամանակին մտել էր ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորը նկատել է՝ փոփոխությունը դրական արդյունք է տվել, պայմանագրերի քանակներն ավելացել են այս ընթացքում:

«Ըստ ներկայացված նոր նախագծի՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց, որից հետո իր նկատմամբ տուգանքի որոշումը կփոխվի: Ոստիկանությունն օնլայն պետք է հետևի, տեսնի ու վարույթը կարճի, 100 հազար դրամի փոխարեն 25 հազար դրամ պատասխանատվություն նախատեսի»,-ասաց Խաչատրյանը:

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:




Լրահոս