Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար Գազելն ու 06-ը․ կա 15 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Օպերատիվերեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:

Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սամվել Աբրահամյանն ու Անդրանիկ Երկնափեշյանը: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրայնն ու Ոստիկանության Իջևանի բաժնի պետը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը վարել է տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը:




Լրահոս