Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի Խորտիցկի և Վոզնեսենովսկի շրջաններում նոյեմբերի 14-ին ռուսական հարվածների հետևանքով յոթ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ տարին չլրացած երեխա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը՝ «Տելեգրամ»-ի իր հաղորդագրություններում։
Նրա տեղեկացմամբ՝ Խորտիցկի շրջանում վիրավորվել են երկու կին և մեկ տարին չլրացած տղա։ Վնասվել է բազմաբնակարան շենք, բնակարաններում կոտրվել են պատուհանները։ Հրդեհ չի բռնկվել։
Վոզնեսենովսկի շրջանում հարվածի հետևանքով վիրավորվել են 74, 36 և 88 տարեկան երեք կանայք ու 86 տարեկան տղամարդ։ Վնասվել են բնակելի շենք և ուսումնական հաստատության պատուհանները։
Ըստ Սեմիկինի՝ տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ։ Տղամարդը հոսպիտալացվել է, երկու կանանց օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս մեկը հրաժարվել է հոսպիտալացումից։



























