«Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը ԵՄ հետ գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար». Բալայանը՝ Միշելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Նախագահ Միշելը դեսպան Բալայանին մաղթել է հաջող աշխատանք պաշտոնում՝ կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության առաջմղմանն ուղղված նախաձեռնությունները և վերահաստատելով իր աջակցությունը դրանց:

Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ Հայաստանը հաստատակամ է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

Հայաստանի երախտագիտությունը հայտնելով նախագահ Միշելին և կարևորելով ԵԽ նախագահի անձնական ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար՝ Բալայանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտումները և համարժեք հետևանքների բացակայությունը, ի վերջո, հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը: Ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող բոլոր որոշումների կատարման և Բաքվին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Դեսպանը նախագահ Միշելին տեղեկացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի մեծացող հավակնությունների և խաղաղ գործընթացը խափանելու՝ Բաքվի շարունակական փորձերի, այդ թվում՝ Գրանադայի բանակցություններին չներկայանալու իրական պատճառների և Բրյուսելում նախատեսվող բանակցությունների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և կոմունիկացիաների ու ճանապարհների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և կարևորել դրա ընդգրկումը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնությունում:

Հանդիպման ավարտին Նախագահ Միշելը խնդրել է իր ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։




Լրահոս