Դանիան Եվրամիության երկրներին առաջարկել է կասեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը և Շենգենյան գոտու ողջ տարածքում դադարեցնել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերի ճանաչումը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Կոպենհագենը ԵՄ-ին կոչ է արել ձեռնարկել «կոնկրետ քայլեր», որոնք Ռուսաստանի հետ դիմակայությունում ցույց կտան Եվրոպայի ուժն ու վճռականությունը։
Առաջարկները շարադրված են նոյեմբերի 20-ի երեկոյան եվրոպական կառավարություններին ուղարկված ուղերձում։ Դանիան մտադիր է նախաձեռնությունները ներկայացնել նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ դեսպանների հանդիպմանը։
Կոպենհագենն առաջարկում է նաև ավելի լայնորեն կիրառել վիզաներ, որոնք տեղաշարժի իրավունք են տալիս միայն դրանք տրամադրած երկրի տարածքում, ինչպես նաև խստացնել ռուսաստանցի գործող և նախկին զինծառայողների մուտքի կանոնները։ Դանիան հանդես է գալիս գործող ազգային սահմանափակումների փոխարեն միասնական համաեվրոպական մոտեցում որդեգրելու օգտին։
Նախաձեռնությունը հաջորդել է Դանիայի իշխանությունների՝ ուկրաինացի-ամերիկացի ռեփեր Kyivstoner-ի դեմ ենթադրյալ մահափորձը կանխելու մասին հայտարարությանը։ Ըստ Դանիայի հատուկ ծառայությունների՝ մահափորձը նախապատրաստվում էր ռուսական հետախուզության հանձնարարությամբ։ Կոպենհագենը տեղի ունեցածն անընդունելի է անվանել և հայտարարել Ռուսաստանի ռազմական կցորդի արտաքսման մասին։
Դանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ մեղադրանքները հիմնավորված չեն ապացույցներով։




























