Armenian text to speach

«21-րդ դարի գյուղի» չկայացած երազանքը. ինչպես Կապսի ջրամբարի միլիոնները լռելյայն վերաբաշխվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարության հերթական նիստում ընդունվեց 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին հերթական որոշումը։ ArmLur.am-ի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ նախագիծը գործադիրի օրակարգում ներառված էր որպես չզեկուցվող հարց։ Որոշմամբ միջոցներ են վերաբաշխվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵՆ) ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունների միջև։

Առաջին հայացքից տեխնիկական թվացող այս փաստաթուղթը փաստացի արձանագրում է վերջին 6 տարիների ամենաաղմկոտ ու ամբիցիոզ ենթակառուցվածքային խոստումներից մեկի՝ Կապսի ջրամբարի և «21-րդ դարի» Ջրաձոր գյուղի կառուցման ծրագրի հերթական ձախողումը։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին գրել էր, որ Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները ընթացել են ծայրահեղ ցածր արտադրողականությամբ, իսկ կապալառուն պարբերաբար խախտել է պայմանագրային ժամկետները։ Արդյունքում՝ 2026 թվականի փետրվարի 2-ին պայմանագիրը վերջնականապես դադարեցվել է։ Պայմանագրի լուծարման հետևանքով Կապսի ջրամբարի և Ջրաձոր գյուղի վերաբնակեցման ծրագրերից ազատվել է շուրջ 658.8 միլիոն դրամ։

Երեկ առավարությունն այդ միջոցների հիմնական մասը՝ 650.3 միլիոն դրամը, ուղղեց Ֆրանսիայի աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցմանը։ 2026 թվականի ընթացքում Վեդիում շարունակվել են ծրագրային կարգաբերման և փականների ջրով փորձարկման աշխատանքները, ինչի պատճառով պայմանագրերի ժամկետները երկարաձգվել են մինչև սույն թվականի սեպտեմբեր։ Բացի այդ, Կապսից ազատված միջոցներից 4.47 միլիոն դրամ հատկացվեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին (նախորդ տարվա խորհրդատվական վճարների և արտարժույթի տատանումների պատճառով), իսկ 4 միլիոն դրամ էլ ուղղվեց ջրամատակարարման ենթակառուցվածքների շինթույլտվությունների ձեռքբերմանն ու երկարաձգմանը։

ՏԿԵՆ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) մշակած նախագծով պետբյուջեի ընդհանուր ծախսերը չեն փոխվել, քանի որ փոփոխություններն իրականացվել են ներքին վերաբաշխումների հաշվին։ 2020 թվական. «3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 0-ից գյուղ ենք կառուցում» Որպեսզի հասկանալի լինի կատարվածի ամբողջ ծավալը, պետք է հետ գնալ մինչև 2020 թվականի օգոստոսի 27-ը, երբ կառավարությունն այդ օրվա նիստում մեծ շուքով հաստատեց Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը։ Նախատեսվում էր առաջին փուլում ունենալ 25 մլն խորանարդ մետր տարողություն, երկրորդ փուլում՝ հասցնել 60 միլիոնի։ Գերմանական KfW բանկը 60 միլիոն եվրոյի վարկ պետք է տրամադրեր։ Հայտարարվում էր, որ Շիրակի մարզում 17 հազար հեկտար հող լիարժեք ոռոգում կստանա, իսկ 2300 հեկտարը մեխանիկականից կանցնի ինքնահոսի։ Ծրագրի ամենահավակնոտ մասը, սակայն, 350 բնակիչ (74 ընտանիք) ունեցող Ջրաձոր գյուղի ամբողջական տեղափոխումն էր, որի համար պետբյուջեից նախատեսվում էր հատկացնել 4.9 մլրդ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ է կառուցվում՝ այն անվանելով «21-րդ դարի հայկական գյուղի մոդել»՝ ժամանակակից դիզայնով, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով։ Կառավարությունը պլանավորում էր գյուղի նախագիծը պատրաստել 2021-ին և շինարարությունն ավարտել 3 տարում։ Ձախողման քրոնիկոն. չինական կապալառուն և թղթի վրա մնացած «մոդելային գյուղը» Իրականությունն ավելի քան դառը ստացվեց։ 2025 թվականի «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննական անդրադարձից պարզ դարձավ, որ միջազգային մրցույթը շահած չինական «Shanxi Construction Investment Group» (SCIG) ընկերությունը պետք է առաջին փուլն ավարտեր 34 ամսում, սակայն աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրվեց ավելի քան 270 օրվա (9 ամսվա) անդառնալի ուշացում։

ՀՏԶՀ Կապսի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանն ընդունում էր, որ չինական ընկերությունը դեռ մրցութային փուլում ներկայացված մասնագիտական անձնակազմը չէր կարողացել մոբիլիզացնել, ինչն էլ շղթայական ռեակցիայով տապալել էր ողջ գործընթացը։ Իսկ ինչ վերաբերում է «21-րդ դարի գյուղին», ապա 2025 թվականի դրությամբ դրա շինարարությունը նույնիսկ չէր էլ սկսվել։ Պատճառն այն էր, որ պայմանագրի մեկնարկի ժամանակ պաշտոնյաները նույնիսկ հստակ չէին որոշել, թե որտեղ է կառուցվելու նոր Ջրաձորը։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին գրել էր. «Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել։ Չինական կապալառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պատվիրատու կառույցների ոչ բավարար վերահսկողության արդյունքում շինարարական աշխատանքները կասեցվել են։ Կառավարությունը դեռ ամռանը գիտեր, որ չինական ընկերությունը լավ չի աշխատում, բայց խնդիրների մասին բարձրաձայնեց միայն այն ժամանակ, երբ ձախողումն արդեն ակնհայտ էր»։

Իրականացվել էր նախատեսված աշխատանքների ընդամենը 11-15%-ը։ 12.4 միլիոն եվրո կանխավճար և 1.3 միլիոն եվրոյի տուգանք Ծրագրի ֆինանսական կողմն ավելի ցնցող մանրամասներ է բացահայտում։ CivilNetCheck-ի 2025 թվականի փետրվարի հետաքննության համաձայն՝ ՏԿԵ նախարարության տրամադրած տվյալներով Կապսի ծրագրի վրա մինչ այդ արդեն ծախսվել էր շուրջ 26.8 միլիոն եվրո (որից 23.6 մլն եվրոն՝ վարկային միջոցներ, 3.2 մլն-ը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորում)։ Բուն շինարարության համար չինական SCIG ընկերությանը փոխանցվել էր 17.1 միլիոն եվրո, որից ավելի քան 12.4 միլիոն եվրոն վճարվել էր որպես ԿԱՆԽԱՎՃԱՐ։ Մինչդեռ ընկերության կողմից փաստացի կատարված աշխատանքը գնահատվել էր ընդամենը 3.8 միլիոն եվրո (Ախուրյան գետի հունի տեղափոխում, ջրահեռացում, 28 շչակների տեղադրում)։ Չինացի շինարարները պարզապես հեռացան Հայաստանից՝ թողնելով աշխատանքը կիսատ։

Սրանով ֆինանսական կորուստները չեն ավարտվում։ Դեռևս 2014 և 2017 թթ. կնքված վարկային համաձայնագրերով նախատեսված միջոցների հասանելիության վերջնաժամկետը 2019 թվականն էր։ Քանի որ փաստաթղթերի մշակումն ու հողերի ձեռքբերումը տարիներով ձգձգվել էին, ՀՀ կառավարությունը ստիպված է եղել 1.3 միլիոն եվրո փոխհատուցում (տուգանք/պարտավճար) վճարել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ վարկի ժամկետները երկարաձգելու համար։

Չնայած Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե «եթե աշխատանք չի արվել, պարտք էլ չի վերցվել», տվյալները փաստում են, որ հարկատուների միջոցներից միլիոնավոր եվրոներ են փոշիացվել անգործության և վատ կառավարման պատճառով։ 2026 թվական. Վերադարձ ելման կետին 2026 թվականի հունիսի 12-ին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ չինական ընկերության հետ պայմանագիրը խզելուց հետո այժմ նախագիծը թարմացվում է։ Կառավարությունը որոշել է միանգամից նախագծել 60 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար (սկզբնական 25 մլն-ի փոխարեն) և նոր փորձաքննություններից հետո միայն նոր մրցույթ հայտարարել։ Նախարարը Կապսը կոչեց «ջրամբարաշինական ոլորտում մեր ամենախոշոր ծրագիրը», սակայն չկարողացավ նշել որևէ հստակ ժամկետ, թե երբ այն պատրաստ կլինի։ Կառավարությունը 2021-2026 թթ. ծրագրով խոստացել էր կառուցել 15 փոքր և միջին ջրամբար։ Այսօր՝ 2026 թվականի հուլիսի վերջին, ունենք մի իրավիճակ, երբ միայն Վեդիի ջրամբարն է մոտենում ավարտին (այն էլ երկարաձգված ժամկետներով), բայց դեռ հարց է կավարտվի , թե, ոչ , իսկ ամենախոշոր՝ Կապսի ծրագիրը, 6 տարվա աղմկոտ խոստումներից, «21-րդ դարի գյուղի» PR-ից և միլիոնավոր եվրոների փոշիացումից հետո, վերադարձել է նախագծային փուլ։

Փաստացի ստացվում է, որ 2020 թվականին կառավարության կողմից որպես ռազմավարական ծրագիր ներկայացված Կապսի ջրամբարը, որի շուրջ հնչում էին ջրային անվտանգության, 21-րդ դարի գյուղի, հազարավոր հեկտարների ոռոգման և նոր ենթակառուցվածքների մասին խոստումներ, 2026 թվականին դեռևս կառուցված չէ։ Ավելին՝ պայմանագիրը լուծարված է, նոր մրցույթ դեռ չի անցկացվել, իսկ ծրագրի համար նախատեսված միջոցների մի մասը կառավարության երեկվա որոշմամբ արդեն վերաբաշխվում է այլ ուղղությամբ։ Երեկ կայացած նիստում գումարների լռելյայն վերաբաշխումը որպես «չզեկուցվող» հարց՝ գործադիրի կողմից սեփական ձախողումը քողարկելու և Կապսի համար նախատեսված բյուջեն այլ բացերը փակելու հերթական փորձն էր։

Սոնա Գրիգորյան




Լրահոս