ՖՈՏՈ․ Հիմա հունվար է, բայց դեռ նոյեմբերի դրամական աջակցության մի մասն էլ չեք ստացել. Արցախից տեղահանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված անձանց համար ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել էր դրամական աջակցության ծրագրեր, սակայն դեռևս շատերը շարունակում են հույսով սպասել և չստանալ սահմանված աջակցությունները:

«Նոյեմբերին պիտի ստանայինք իմ, ամուսնուս ու 3 անչափահաս երեխաներիս հասանելիք գումարները, բայց ստացել ենք միայն մի մասը, այն էլ մի քանի օր առաջ: Հիմա էլ տան վարձ տալու փոխարեն, տուն ենք վերակառուցում, որ գլխներիս տանիք ունենանք: Հազար ու մի կենցաղային խնդիրներ ունենք, բայց նստած սպասում ենք, երբ պիտի փոխանցեն, որ մենք էլ մեր խնդիրները լուծենք: Դիմել ենք Սոցապ նախարարություն, ասել են, որ շահառու ենք և բոլոր մշակված ծրագրերից կարող ենք օգտվել, սակայն փոխանցումը դեռ ընթացքում է և փուլ առ փուլ է կատարվելու: Հիմա հունվար է, բայց դեռ նոյեմբերի մի մասն էլ չեք ստացել: Մենք, իհարկե, կսպասենք, ինչքան պետքն է, բայց հո՞ խնդիրները չեն սպասի»,- ArmLur.am-ի հետ նշել է Արցախից բռնի տեղահանված Նարինե Բալասանյանը:

Նարինեն ընտանիքի հետ հիմա ապրում է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում: Ասում է՝ տան տերն առաջարկել է, որ ամսավարձ տալու փոխարեն, տունը վերակառուցեն:

Իրենք էլ, այսօրվա տան վարձերի չափերը հաշվի առնելով, ստիպված համաձայնվել են: Հիմա տան համար առաջնային պայմաններ ստեղծելու համար են աշխատում. սանհանգույց պիտի կառուցեն, գազամատակարարմամբ և ջրով ապահովեն, տանիք փոխեն, տանը տան պայմաններ ստեղծեն:

«Արցախում էլ դժվարություններ շատ էինք հանդիպում, բայց գոնե աշխատանք ունեինք, գիտեինք, երբ ինչ ենք անելու: Երբևէ դժվարություններից չէինք տրտնջացել: Լավ օրեր էին, մենք մեր տանը մեր լավ ու վատ պայմաններով ապրում էինք: Հիմա անորոշություն է. ո՛չ տուն ունենք, ո՛չ աշխատանք և անգամ չգիտենք ինչի սպասենք»,- ասում է Նարինե Բալասանյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս