Ավանեսյանների ընտանիքը Մարտունի շրջանի Ավդուռ գյուղից է: Գայանե Ավանեսյանի ընտանիքը մյուս արցախցիների նման բռնի տեղահանվել է 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո: Գայանեի հայրն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել, իսկ ավագ որդին՝ Արմանը, 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Ավագ որդիս՝ Արմանս ժամկետային ծառայության մեջ էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վախ կար ներսումս…. մայրական բնազդս ուրիշ բան էր հուշում։ Հոկտեմբերի 6-ին աղջիկս զանգեց թեժ գիծ ու չարաբաստիկ լուրը հասավ մեզ, որ որդուս անունը զոհվածների ցուցակում է։ Հավատալ չէի կարող, չէի ուզում։ Այնուհետև ամիսներ հետո հունվարին բերեցին որդուս։ Հունվարին պետք է զորացրվեր, բայց իրան բերեցին, ինքը չեկավ….»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է մայրը՝ Գայանե Ավանեսյանը:
2023թ. սեպտեմբերի 19-ին դիրքերում էին Արմանի փոքր եղբայրները՝ Արթուրն ու Արայիկը: Նույն դիրքում էին՝ կողք կողքի: Մայրն ասում է, որ համայնքապետն զգուշացրել էր, որ զգոն լինեն հնարավոր է պատերազմ սկսվի: Զանգեց որդուն՝ Արթուրին, Արթուրն էլ վստահեցրեց, որ ամեն ինչ կարգին է: Մայրն էլ իր հերթին խնդրել էր գոնե տարբեր դիրքեր գնային, որ մի բան պատահի երկուսին չլինի:
«Զանգեցի Արթուրին, ասաց՝ ամեն ինչ կարգին է, հավատացի: Երբ սկսվեց թշնամու կողմից լայնամաշտաբ պատերազմը, տանն էի։ Վախից դողում էի, դուրս եկա բակ իմ աչքով տեսա, թե ինչպես են ռմբակոծում այն դիրքը, որտեղ երկու որդիներս էին։ Ծնկաչոք աղերսում էի Աստծուն խնդրում էի, որ խղճա ինձ ասքանից հետո գոնե այս երկու որդիներիս տուն բերի։ Էլ նոր ցավի ուժ չունեի: Ամուսինս նույնպես տանն էր, շտապել է գյուղի վերջի մաս, դեպի մոտակա դիրք։ Երեկոյան եկավ տուն, հարցրեցի տղերքս ասացին՝ իրանց տեղն են, լավ են, բայց գիտեր արդեն Արթուրիս վիրավորվելու մասին»,- պատմում է մայրը։
Գայանեն պատմում է, որ գիշերը երեք անց կես եղբայրն է եկել, որ իրենց ապահով տեղ տանի:
«Եղբայրս եկավ, որ մեզ վերևի Պառավաթումբ գյուղ տանի: Տղերքս դիրքերում էին, տեղեկություն չունեի, ինձ կորցրած մենակ լացում էի: Չէի ուզում ոչ մի տեղ գնալ: Եղբայրս ասաց այստեղ քեզ էլ անելու բան չունես, այն էլ մենակ նստելով…. Ու մի վերջին անգամ նայեցի որդուս նկարին, համբուրեցի ու դուրս եկա: Որդուս ո՛չ նկարները, ո՛չ զինվորական գրքույկը, ո՛չ էլ մեդալը չեմ վերցրել: Պատկերացում չունեի, որ վերջին անգամը կլիներ»,- պատմում է Գայանեն:
Գայանեն միայն հաջորդ օրն աղջկա զանգից իմացավ, որ Արայիկը քրոջ մոտ է, իսկ Արթուրը վիրավոր է:
«Չգիտեմ ինչպես, բայց աղջիկս զանգեց ու մենակ ասաց, որ մամ դու ինձ այնքան շատ ես պետք այստեղ, եթե կարող ես արի: Քիչ հետո ասաց, որ Արայիկն էլ է իր մոտ, հարցրի Արթու՞րը, ասաց դու ուժեղ մամա ես, ավելի ծանր վիշտ ես ապրել, Արթուրը ոտքերից վիրավորվել է, հիմա վիրահատում են»,- պատմում է մեր զրուցակիցը:
Արթուրի վիրավորվելու մասին հեռախոսով Տիկին Գայանեն շատ բան չկարողացավ իմանալ, բայց Արթուրի վնասվածքները բազմաթվ էին. գանգուղեղային վնասվածք, արյան կուտակում, ոտքերն էին վնասվել, աջ կրծքավանդակից էր վնասվել, մարմնի ամբողջ մասերում բեկորներ են։
Արթուրին՝ որպես ծանր վիրավոր, ռուս խաղաղապահների միջոցով ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Արայիկին միայն սեպտեմբերի 27-ին է հաջողվել մեքենա ու վառելիք գտնել՝ ընտանիքին տարհանելու համար: Տիկին Գայանեն պատմում է, որ վերջին անգամ գնացել են Եղբայրական գերեզմանոց՝ այցի տան ավագ որդուն՝ Արմանին:
«Ուզում էի գրկեի, բալիս քարն էլ հետս բերեի, չէի ուզում հավատալ, որ վերջին այցս է, որ վերջին անգամ եմ որդուս սառը քարը համբուրում։ Ճանապարհվեցինք…. ինչքան հեռանում, այնքան ծանրանում էր ճանապարհը….»:
Նանիկ Աղասյան