Էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված չարաշահումների բացահայտման սկանդալից հետո «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ընկերության աշխատակիցներ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը և աշխատակցուհի Լիլի Մկրյանը ձեռբակալվեցին։
«Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ՍՊԸ-ն, բացի Էկոնոմիկայի նախարարության գնումներից, պայմանագրեր է կնքել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ Գնման գործընթացի մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթն արդեն ներկայացրել էր։ Գնման առարկան պայմանագրով եղել էր «տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն», այն եղել էր դրամաշնորհային մրցույթ։
ArmLur.am-ը փորձել է ներկայացնել, թե իրենից ինչ է ներկայացնում վերջերս սկանդալի կիզակետում հայտնված «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ՍՊԸ-ին։
Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ-ը ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում ՝ ինչպես պետական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՀԿ-ների և մասնավոր սեկտորի կազմակերպությունների համար:
1997թ.-ին հիմնադրված Սիներջի կազմակերպության գլխամասը գտնվում է Վաշինգտոնում, իսկ ուսումնական կենտրոնը ՝ Երևանում: Երևանում այն բացվել է Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, ով Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահն էր, իսկ ընկերության 100% բաժնետերը Աշոտ Հովհաննիսյանի որդին է՝ Արթուր Հովհաննիսյանը, ով մոդել Լուսինե Թովմասյանի ամուսինն է։
«Սիներջի»-ն միջազգային կազմակերպություն է, որը տարբեր երկրներում ունի մասնաճյուղեր։ ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և ուսումնական կենտրոնը գործում է 1999 թվականից: Ընկերությունում ներկայումս աշխատում են շուրջ 200 և ավելի մասնագետներ՝ համակարգչային ծրագրավորման, համակարգերի վերլուծության, համակարգերի ինտեգրման, ցանցային կառավարման, որակի վերահսկման և գործարար վերլուծության և այլ ոլորտներից: 2012 թվականից ընկերությունը մասնաճյուղ էր հիմնել նաև Արցախում։
ArmLur.am-ը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «Սիներջի»-ն 2020 թվականին ունեցել է չկատարված հարկային պարտավորությունները՝ 1 մլն 777 հազար 087 դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան