«ԱրմենՏել» ընկերությունը համամիտ չէ մարտի 14-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայացած նիստի ընթացքում հնչեցված հայտարարության հետ: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին «ԱրմենՏել» ընկերության` հասարակության հետ կապերի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն տուգանել էր «ԱրմենՏել» ընկերությանը` պատճառաբանելով, որ նա մշակել է որոշակի պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել, և ընկերությանը տրվել է խիստ նախազգուշացում` խախտումը վերացնելու հանձնարարականով:
Ընկերությունից մեզ հայտնեցին, որ իրենց այն բաժանորդները, ովքեր USB մոդեմի միջոցով օգտվում են Beeline շարժական ինտերնետ ծառայությունից, վճարում են միմիայն փաստացի մատուցված ծառայությունների դիմաց։ Ընկերության կողմից դադարեցվում է գումարի հաշվարկումը, եթե բաժանորդին չի մատուցվել շարժական ինտերնետի ծառայություն։
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, հասարակության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ մինչ օրս իրենք չեն ստացել հանձնաժողովի որոշումը և հետագա ընթացքի մասին կտեղեկացնեն այն ստանալուց հետո։
Տաթև Հարությունյան