«ՈՐՊԵՍԶԻ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ՀՀ ԼՈՒԾԱՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, երբեք չեն եղել ՀՀ ինքնիշխան տարածքում։  

 

Մարտի 12-ի ասուլիսին Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ պահանջելով հայկական կողմից իրենց վերադարձնել Տավուշի մարզի 4 գյուղ, ընդգծեց, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական մամուլի կողմից բարձրաձայնվող գյուղերի անուններով գյուղեր երբեք չեն եղել ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլեւ դրանից հետո։

«Ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք՝ ոչ մի քննարկման ժամանակ, խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին», – ընդգծեց Փաշինյանը։

Նախ վարչապետը նշեց, որ, իր կարծիքով, այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ, որոշակի թերըմբռնում եւ թյուրըմբռնում՝ առաջարկելով նախ արձանագրել, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։

«Նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ կարողանանք հստակ ձեւակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, եւ որտեղ է, որ, ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ», – նշեց Փաշինյանը՝ ներկաներին ցույց տալով ՀՀ տարածքը քարտեզի վրա եւ ընդգծելով, որ անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ ինքնիշխան տարածքում չեն։

«2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը եւ փակել այն ամբողջությամբ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1996 թվականից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, եւ 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին Հայաստանի հարցը լուծել եւ փակել ամբողջությամբ։

Ավելին ասեմ՝ ինչպե՞ս եղավ, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեցին այն ժամանակ, երբ խորհրդարանը լուծարված էր, եւ վարչապետը հրաժարական էր տվել՝ երկրում ո՛չ խորհրդարան կար, ո՛չ կառավարություն։ Ի՞նչու դա տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 12-ին, երբ բոլոր որոշումները ուժի մեջ էին մտել։ Օրինակ՝ ինչո՞ւ մայիսի 5-ին, մայիսի 2-ին, ապրիլի 30-ին, ապրիլի 25-ին տեղի չունեցավ։ Այդ հարցը չի կարող չծագել։ Եվ մյուս կողմից էլ ասում էին, թե ինչու ռազմական գործողություններ չեն սկսում, գնացեք։ Պատասխանը շատ պարզ է՝ ամբողջ հաշվարկը դրա մեջ էր, որ պատերազմ սկսվի, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չլինի ընտրություններ անցկացնել, եւ որի արդյունքում 2021 թվականի ամռանը դե-յուրե եւ դե-ֆակտո տեղի կունենա Հայաստանի Հանրապետության լուծարում։ Սա է ամբողջ պատմությունը, եւ այս պատմությունը 2018 թվականին չի սկսել։ Այս պատմությունը սկսել է 1996 թվականից, զարգացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ով, 2003 թվականի, 2008 թվականի իրադարձություններով եւ այդպես շարունակ»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայտարարել, որ այդ պահին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Վարչապետը նշեց, որ ինքն այդ հայտարարությունը արել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերին Լեռնային Ղարաբաղում մնալու հնարավորություն ստեղծվի։

«Ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը դուրս գան րոպե առաջ։ Եվ իմ ուղերձն այն էր, որ պետք չի րոպե առաջ դուրս գալու մասին մտածել, որովհետեւ դուրս գալու սցենարը միշտ էլ կա՝ այսօր, վաղը։ Եվ այդ պահին ռազմական գործողությունները դադարեցված են եղել, ինչը չի նշանակում, որ մենք քաղաքական գնահատականը փոխել էինք էթնիկ զտումների վտանգի։ Իմ հայտարարությունից հետո, չեմ հիշում, Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ եղել են, թե ոչ։ Ցավալի դեպք եղավ բենզալցակայանի հետ կապված, որը էլի րոպե առաջ դուրս գալու տրամաբանության մեջ էր, երբ ամբողջ կառավարումը կորցնելով՝ մարդկանց ասում էին՝ գնացեք, այդ անգարներից բենզին վերցրեք՝ առանց վերահսկողության եւ առանց որեւէ բանի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը այդ օրերին տեսնում էր, որ արտաքին ուժեր կային, որոնք նաեւ դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին եւ նրանց աջակցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան։

«Ի՞նչի համար. որովհետեւ հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկի մասին եւ տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար, եւ նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի այստեղ հեղափոխություն տեղի ունենա։ Եվ միջին վիճակագրական լրահոսի ընթերցողը սա կտեսներ եւ չի կարող չտեսնել մինչեւ օրս։ Եվ այդ նկրտումները շարունակվում են։ Չստացվեց՝ էլի կփորձենք»,- եզրափակեց Փաշինյանը։

 

 

 

ՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միեւնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում»,- ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:

 

«Չեմ թաքցնի, որ Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ եւ տրամադրություններ մտահոգիչ են, սակայն մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը եւ կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ», – նշել է քարտուղարը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում սպասում են կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ Հայաստանի կողմից հայտարարության։

Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ ինչպես ինքը, այնպես էլ քարտուղարությունն աշխատում են կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին եւ ընթացակարգերին համապատասխան։

«Մենք, բնականաբար, մեր վերլուծաբանների եւ նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ եւ իրավիճակը Հայաստանի ու կազմակերպության փոխհարաբերություններում»,- եզրափակել է նա։

 

 

 

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 180

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ՝ 2018 թվականին, երբ ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը, հայտարարեց, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, բայց եւ ոչ մեկ չի խուսափի պատասխանատվությունից: 2020 թվականի մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ընթերցեց «100 փաստ՝ Նոր Հայաստանի մասին», որի 79-րդը հետեւյալն էր. «Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963, իսկ 2019 թվականին՝ 1556 հոգի»։ Սակայն, Նիկոլ Փաշինյանի նույն այդ ելույթի տարում Հայաստանում ազատազրկվածների թիվը կտրուկ աճեց։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներից պարզեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանտերը լցվել են: Պատկերը հետեւյալն է՝

l  2018թ. – 1963 ազատազրկված,

l  2019թ. – 1556 ազատազրկված,

l  2020թ. – 1954 ազատազրկված,

l  2021թ. – 2171 ազատազրկված,

l  2022թ. – 2018 ազատազրկված:

Ի դեպ, նույն պաշտոնական տվյալներով՝ 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 ազատազրկված անձ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ երբեք՝ ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին:

Հայաստանի Հանրապետության վարչապետն այս մասին հայտատարեց մարտի 12-ի ասուլիսին՝ ի պատասխան այն հարցի, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ հայկական կողմից պահանջելով իրենց հանձնել Տավուշի մարզի 4 գյուղ։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդ հարցի շուրջ կա որոշակի թերըմբռնում եւ թյուրըմբռնում:

«Նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ կարողանանք հստակ ձեւակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, եւ որտեղ է, որ, ըստ էության, չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ», – նշեց Փաշինյանը՝ ներկաներին ցույց տալով Հայաստանի Հանրապետության տարածքի քարտեզը։

 




Լրահոս