Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք. Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ վաղը հանրահավաք չի նախատեսվում։

Սրբազանը ասաց, որ հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

«Կիրակի երեկոյան հավաքվում ենք, կոնկրետ պայմանավորվում, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ ձևով»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով կանգ էր առնում բուհերի մոտ, կոչ անում ուսանողներին՝ միանալ իրենց շարժմանը և թույլ չտալ հայրենիքի կորուստ։ Իրենք եղել են ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։




Լրահոս