«Դալտոնիկ» և «իմպոտենտ» բուքմեյքերներ՝ քաղաքական դաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ռինգում այսօր թիմային մենամարտ էր, մի կողմում՝ «քաղաքական դալտոնիկների» թիմն էր, մյուս կողմում՝ «քաղաքական իմպոտենտների»։

Անունները պայմանական են, կարող են ամեն օր փոխվել, թիմերի կազմն էլ միշտ նույնը չէ, սակայն բովանդակությունն անփոփոխ է։ Փոխադարձ անվանակոչության հեղինակները հենց մենամարտող երկու կողմերն են լինում, որոնք մենամարտի ժամանակ էլ միմյանց կնքեցին նոր անուններով։ Կնքելն էլ Հայաստանի քաղաքական դաշտում ավանդական երևույթ է և քավոր-սանիկական մշակույթի հիմնային բաղադրիչներից։ Կնքում են, կնքվում, մերձենում, «օրհնում» միմյանց, «դուռակի» ու «բլոտ» խաղում, կազինո գնում, մեծ ու փոքր որոշում:

Սա ամբողջովին տեղավորվում է քավոր-սանիկական հարաբերությունների կոնցեպցիայի մեջ՝ nothing personal, only business։ Կարևորը բիզնես շահերն են, իսկ տվյալ դեպքում նրանց համատեղ բիզնեսը բուքմեյքերական է, ընդ որում՝ ախպերա-փայատիրական սկզբուքնով. երկու կողմն էլ խաղադրույքների գործակիցներ են սահմանում, համաձայնեցնում միմյանց հետ։

Համաձայնվե՛ք, որ բավականին լուրջ գործ է, վերջիվերջո, 2 միլիոնի չափ հանդիսատես կա, որոնք խաղադրույքներ են կատարում: Եվ 2 միլիոն մարդու մոլորեցնելը և այնպիսի գործակիցներ սահմանելը, որոնց արդյունքում ամբողջ ժողովուրդը պարտված դուրս գա, իրոք, դժվար գործ է՝ համապատասխան ունակություններ պահանջող։

Բայց այդ դժվար և տիտանական աշխատանքը մեր «իշխանաայլընտրանքաընդդիմությունն» արդեն հաջողությամբ կատարում է տարիներ շարունակ, իսկ շահութաբերությունն առավել քան ակներև է՝ երկու թիմների մարզիկներն էլ բավականին լուրջ ունեցվածքի տեր են, որը չի պակասում, այլ գնալով ավելանում է։

Մեր ժողովուրդը միշտ եղել է մենամարտերի սիրահար, պարզապես՝ դիտողի դերում։ Հատկապես սիրում է այդ մենամարտերում ցավոտ հարվածներ տեսնել, դրանից ոգևորվում է և մեծացնում խաղադրույքների չափը՝ այդ պահին առանց մտածելու, որ մենամարտերը հաճախ նաև բեմադրվում են, ինչպես օրինակ այն մարտաֆիլմերում, որոնցով ամեն օր սնուցվում է մեր հասարակությունը։

Քաղաքական մենամարտերից ոգևորվելու հնարավորությունն, անշուշտ, ավելի մեծ է, քանի որ այստեղ հանդիսատեսին հնարավորություն է տրվում նաև մասամբ մասնակից դառնալու, կարծիք հայտնելու։ Սակայն այսօրվա թիմային մենամարտն այն դեպքերից էր, երբ պետք է խուսափեմ կարծիք հայտնելուց, քանի որ թե՛ «քաղաքական դալտոնիկները», թե՛ «քաղաքական իմպոտենտները» միմյանց դեմ ուղղված փոխադարձ մեղադրանքներում լիովին ճիշտ էին և անքննադատելի։ Երկու՝ իրար արժանի հակառակորդ հնարավորություն ստացավ միմյանց երեսին ասելու ողջ ճշմարտությունը, և ասացին…

Բրավո՜, ծափահարություններ…

Կարեն Վարդանյան




Լրահոս