Բացառիկ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները առաջիկա օրերին պատրաստվում են եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի բաց նիստ հրավիրել, որին նախատեսվում է հրավիրել նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ առաջիկա օրերին հանձնաժողովը պատրաստվում է անցկացնել բաց նիստ, որի ընթացքում նախատեսվում է լսել Սրբազան հայրերից մեկին։ Այս պահին քննարկվում է նիստի անցկացման օրը նշանակելու հարցը, քանի որ հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավորներից շատերը գործուղումների մեջ են։ Փորձում են այնպես կազմակերպել նիստը, որ հնարավոր լինի ապահովել բոլոր անդամների մասնակցությունը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին քննարկվել է մասնավորապես Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ Քննարկվել է նաև մի քանի Սրբազան հայրերի հրավիրելու տարբերակը, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։
Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ»
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որով դատական համակարգում նախատեսվում է նաև ներդնել Երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Առաջարկվող փոփոխության համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում դատավարությունները կարող են իրականացվել երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Սակայն այս առաջարկի շուրջ մի շարք գործնական հարցեր են առաջանում․ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման համակարգ ունենալու, ունի՞ արդյոք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հատուկ կահավորված դատական դահլիճներ, և որքա՞ն գումար կպահանջվի ատենակալների աշխատանքի, անվտանգության ու այլ պայմանների ապահովման համար։ Իրավական ոլորտին քաջատեղյակ անձինք «Ժողովուրդ» օրաթերթին իրենց մտահոգություն են հայտնել, որ Հայաստանը ներկայում անգամ չունի երդվյալ ատենակալների համար նախատեսված հատուկ դատական դահլիճներ։ Նրանց համոզմամբ՝ եթե սահմանադրական այս առաջարկը կյանքի կոչվի, պետությունը պետք է ոչ միայն օրենսդրական փոփոխություններ իրականացնի, այլև զրոյից ձևավորի համապատասխան նյութատեխնիկական բազա։ Երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարության անցկացումը ենթադրում է դատական դահլիճի հատուկ կազմակերպում։
Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ»
Դատարանում ցուցմունք փոխելը քրեական գործերով հին պաշտպանական մեթոդ է, բայց ոչ միշտ արդարացված։ Եթե հրաժարվում են նախկին ցուցմունքներից, պետք է նաև ապացույցներ բերեն. ինչ ճնշումներ են եղել. հայտարարությունները բավարար չեն: «Ժողովուրդ» օրաթերթը արդեն տեղեկացրել էր, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նոյեմբերի 25-ի նիստում մեղադրյալ Նարեկ Օհանյանը փոխեց իր ցուցմունքում նշած ոստիկանապետի անունը, իսկ մյուս մեղադրյալը՝ Գևորգ Հարությունյանը, հայտարարեց, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր բոլոր ցուցմունքներից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Օհանյանը պատմել էր, որ Էջմիածնի ոստիկանության բաժնում իրեն «դու ես» ասել է Արամ Հովհաննիսյանը։ «Ասում եմ՝ չէ՛, ես չեմ։ Նորից ասում է՝ չէ՛, դու ես։ Կրկնում եմ՝ ես չեմ»,– պատմել էր նա։ Նոյեմբերի 25-ին Օհանյանն ուղղեց իր խոսքը․ «Շփոթվել եմ, Արամ Հովհաննիսյանը չէր, Արամ Ղազարյանն էր»։ Անշուշտ, անլուրջ է: Գևորգ Հարությունյանն ավելի վաղ դատարանում ասել էր՝ «Սաղ ես եմ արել»։ Նոյեմբերի 12-ին նա արդեն պնդում էր, որ սպանությունն իր վրա է վերցրել ընտանիքի անվտանգության համար և այդ պահանջը վերագրում էր Վարդան Վարդանյանին․ «Եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել»։ Նոյեմբերի 25-ին Հարությունյանը հայտարարեց․ «Ես հրաժարվում եմ նախաքննական փուլում իմ տված բոլոր ցուցմունքներից»։ Նրա պնդմամբ՝ դրանք «անգիր արած տեքստեր էին»։
«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում
Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորը փորձել է իրեն վնասել: Ասացին, որ այդ քայլին գնացել է պարտքերի պատճառով։ Նա Նոյեմբերյանի Կողբ համայնքից է եւ այժմ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում: Դեպքի հետ կապված՝ Վանաձորի զինվորական հոսպիտալից մեզ ասացին. «Դուք զինվորական հոսպիտալ եք զանգահարել, մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն Ձեզ տալ»: Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որն ասաց, որ նման նկարագրությամբ դեպքի մասին տեղեկություն առկա չէ: Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Գեղամ Ջիլավյանը, որի վրա է դրված Կողբի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու գործը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել: Զինծառայողը, որը, մեր տեղեկություններով, կրակել է ոտքին, Նոյեմբերյանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:
«Փաստ». Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին
«Փաստ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ 70-ամյակի առթիվ հեռակա շնորհավորանքներ էր ընդունում… բանտախցում: Նորից՝ վերջին 1 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ կալանավորված է բարերար, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը: Երեկ լրացավ 90-րդ օրը, ինչ կալանավորված է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ: Հասարակական, քաղաքական շրջանակներում այս օրերին շարունակվում են խոսակցությունները, մեկնաբանություններն ու կանխատեսումները հնարավոր արտահերթ ընտրությունների, Սահմանադրության նախագծի կամ հանրաքվեի թեմաներով: Բայց առանցքային խնդիրն այն է, որ նման իրավիճակում բացարձակապես անընկալելի, եթե չասենք՝ անտեղի են որևէ հարցի, որևէ ներքաղաքական խնդրի մասին խոսակցությունները, երբ հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները բանտերում են:




























