«Ժողովուրդ»-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված և Ուկրաինայից ներկրված ժամկետանց հավկիթներ, որոնց վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին և պիտանի է մինչև մարտի 26-ը:
Խնդրի առնչությամբ, երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե այս ահազանգից հետո ծառայությունն ինչ միջոցներ է ձեռնարկել Ուկրաինայից ներկրված ժամկետանց հավկիթները շուկայից դուրս հանելու համար:
Պարզվեց, որ մեր նախորդ հրապարակումից, որտեղ գրել էինք, թե ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը պաշտոնական անգործություն է դրսևորում, ՍԱՊԾ աշխատակիցները խիստ նեղացել էին, ինչի համար էլ մեզանից պահանջեցին հարցումը գրավոր ուղարկել և 5 օր սպասել պատասխանին:
Այսպիսով՝ մինչև ծառայության աշխատակիցները բարեհաճեն պատասխանել մեր հարցմանը, ժամկետանց հավկիթներն արագորեն կսպառվեն: Այս իրավիճակում 2 հարց է առաջանում. նախ՝ ենթարկվե՞լ են այդ ձվերը լաբորատոր փորձաքննության, երկրորդ՝ ինչո՞ւ է ՍԱՊԾ ղեկավար Աբրամ Բախչագյուլյանը հանդուրժում ժամկետանց հավկիթների վաճառքը: