Անվտա՞նգ է արդյոք իրացվող ձուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավկիթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն: Դրանով փորձ է արվում այսուհետ շուկաներում իրացման համար նախատեսված հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվեր անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկել: Սա նշանակում է, որ մինչ այս Հայաստանում սպառողը իրազեկ չի եղել, թե որակապես ինչ հավկիթ է գնել:

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են արտահանել, արտադրել, պահպանել, վերամշակել եւ շուկայում տեղակայել` իրացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման հումք եւ մթերք, կերատեսակներ: Իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի համաձայն` ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանում է կառավարությունը: Այս բացը լրացնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախագիծ է ներկայացրել կառավարություն: Ըստ ՍԱՊԾ-ի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի բացակայությամբ:

Նշենք, որ սրանով կարգավորվում են սննդում օգտագործվող հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվի գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում իրացման փուլերում իրականացվող անասնաբուժասանիտարական փորձաքննության հետ կապված հարաբերությունները: Եւ շուկաներում իրացման համար նախատեսված հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվերն ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության: Իսկ եթե ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության չի ենթարկվել, ապա այն իրացնողը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կկրի: Տեղեկացնենք, որ շուկաներում իրացման համար նախատեսված ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության է ներկայացվում անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական վկայականով: Իսկ մարզերում ձու պետք է իրացվի անասնաբուժական տեղեկանքով: Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացվում է արտաքին զննման եւ օվոսկոպիայի միջոցով, իսկ կասկածելի դեպքերում հետազոտվում է ձվի պարունակությունը:

Սակայն ստացվում է, որ մինչ այս նման կարգ գոյություն չի ունեցել: Ըստ էության, ձուն շուկայում վաճառվել է առանց պարբերաբար փորձաքննության: Ու եթե նույնիսկ ՍԱՊԾ-ն փորձաքննություն է իրականացրել, ապա միայն ահազանգեր, դժգոհություններ կամ բողոքներ ստանալուց հետո: Կամ էլ մամուլի հրապարակումների հիման վրա:
Ինչպես հայտնի է՝ բազմաթիվ վիտամիններ, կերային հավելումներ կան, որոնք նախատեսված են հավերի ձվատվությունը բարձրացնելու, ձվի չափը մեծացնելու համար: Որոշ թռչնաբույծներ անգամ այնպիսի տարբերակներ են կիրառում, որպեսզի հավերը օրվա մեջ երկու ձու ածեն: Մինչդեռ բնական պայմաններում հավը օրը մեկ է ածում: Ամբողջ աշխարհում դրա չափաքանակները վերահսկվում են: Եւ դատելով մերօրյա իրավիճակից՝ դժվար է ասել, որ Հայաստանում վերահսկվում է այդ ոլորտը:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ եթե կարգը մինչ այս չի եղել, ապա այն ունենալը, սահմանելը շատ կարեւոր է ու պարտադիր: «Ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելը ընդունված է եղել իրականացնել նույնիսկ խորհրդային տարիներին: Հավանաբար ՍԱՊԾ-ն այս ամենը փորձում է իրավական տեսքի բերել: Ճիշտ է՝ կարեւոր է այս կարգի սահմանելը, բայց ուշացած է»,- նկատեց Պիպոյանը: Մասնագետը ընդգծեց նաեւ, որ ձուն մինչեւ խանութ հասնելը պարտադիր պետք է ենթարկվի անսանաբուժասանիտարական փորձաքննության:

«Չէ որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքից բացի, կա նաեւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք, որով սահմանվում է՝ կենդանական ծագման հումքը պետք է իրացումից առաջ ենթարկվի անասնաբուժասանիտարական փորձաքննության: Սրա մեջ է մտնում նաեւ հավկիթը: Եթե մեկը խմորեղեն թխող է, ապա ինքը այսպես թե այնպես այն պետք է փորձաքննության ենթարկի: Անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելը առաջին հերթին հավկիթի թարմությունն է որոշում»,- պարզաբանեց Բաբկեն Պիպոյանը:
Իսկ ինչքանո՞վ է ձեռնտու հայ տնտեսվարողներին, որ հավկիթի թարմությունը որոշեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս