Նուարդ Վարդանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը չի ներկայացրել պարզաբանում իր հայտարարագրում առկա անհամապատասխանությունների  վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը 2024 թվականի փետրվարին հրապարակել էր «Նուարդ Վարդանյանի հայտարարագրում կեղծի՞ք կա» վերտառությամբ հոդված։
Հոդվածում, անդրադառնոլով Երևան քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հայտարարագրին, գրել էինք՝ Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշում է, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, ինչը գուշակության ոլորտից է։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Տիգրան Ավինյանի եղբայր Դավիթ Ավինյանից ձեռք է բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։ 2022թ. սկզբում ոչ միայն «անհետանում է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվում է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնում է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։
Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլ դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը 3 հազար ԱՄՆ դոլարի օգուտ է ստացել եւ փոխել մեքենայի արտադրման տարեթիվը:

Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Նուարդ Վարդանյանի 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ստուգում, ինչի արդյունքում Հանձնաժողովը որոշել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության «Ճանապահային ոստիկանություն» ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից հայցել տեղեկատվություններ համապատասխանաբար Նուարդ Վարդանյանին պատկանող տրանսպորտային միջոցների և վերջինիս եկամուտների վերաբերյալ, որոնց համադրության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ Նուարդ Վարդանյանից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել պարզաբանում։
Պարզաբանումը հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ չի ստացվել։

Էմմա Միքայելյան




Լրահոս