Հռոմի Կոլիզեումը աշխարհի ամենատպավորիչ ու հզոր կառույցներից մեկն է: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ մեկնում են Հռոմ հենց այս հրաշքը տեսնելու համար: Ոմանք այն համարում են ուժի և հաղթանակի մարմնացում, ոմանք էլ այն կապում են մահվան և չարչարանքի հետ:
Եվ անկախ տարբեր տեսակետերից այն բոլոր ժամանակներում եղել է ամենաշատ հետաքրքրություն վայելող պատմամշակութային հուշարձաններից մեկը: Սակայն Կոլիզեումը միակը չէ. աշխարհում ավելի քան 200 նման օվալաձև ամֆիթատրոններ կան, որոնք հաճախ ավելի քան 50 հազար մարդ են տեղավորել:
Առլի ամֆիթատրոն
Ֆրանսիայի հարավային Առլ քաղաքում գտնվող հռոմեական ամֆիթատրոնը կառուցվել է 90 թվականին և հյուրընկալել 20 հազար մարդու, որոնք ներկա են գտնվել կառքերի մրցավազքերի և արյունալի ձեռնամարտերի: Այստեղ ժամանակին անցկացվել են նաև ցլամարտեր, համերգներ և թատերական ներկայացումներ:
1981 թվականին Առլի ամֆիթատրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ քաղաքի այլ հռոմեական և միջնադարյան շինությունների հետ միասին՝ որպես Առլ հռոմեական և ռոմանական հուշարձանների խմբի մաս։
Քասր ալ Ժամմ ամֆիթատրոն
Այն կառուցվել է մ.թ.ա. 232-ից 238 թվականներին Աֆրիկայի պրոկոնսուլ Մարկոս Գորդիանոսի հրամանով Թունիսի Տիսդրե քաղաքում Կոլիզեյի նմանությամբ: Քաղաքն այժմ կոչվում է Ալ Ժամմ:
Ամֆիթատրոնը տեղավորում է 30 հազար մարդ, որը մեծությամբ երկրորդն է՝ Կոլիզեումից հետո: 1979 թվականին ամֆիթատրոնի մնացորդները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Հետաքրքիր է այն փաստը, որ ֆիլմերում Կոլիզեումում ընթացող իրադարձությունները հաճախ նկարահանվել են հենց Մարկոս Գորդիանոսի ամֆիթատրոնում, քանի որ վերջինս շատ ավելի ամբողջական է պահպանվել:
Փուլա Արենա
Խորվաթիայում գտնվող հռոմեական ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները սկսվել են մ.թ.ա. 27 թվականին և ավարտվել 68 թվականին: Այն պահպանված հռոմեական ամֆիթատրոնների շարքում վեց մեծագույններից է: Այսօր ամֆիթատրոնը վերականգնված է և ծառայում է մշակութային միջոցառումների իրականացմանը: 1932 թվականին իրականացված վերականգնումից և հարմարեցումից հետո այն ունի 7000 նստատեղ և կանգնելու համար նախատեսված տարածքների հետ միասին կարող է ընդունել 12500 մարդու:
Ստորև ներկայացնում ենք 10 լավագույն հռոմեական ամֆիթատրոնները, որոնք պետք է անպայման տեսնել:
Կոլիզեում. Հռոմ, Իտալիա
Քասր ալ Ժամմ. Ալ Ժամմ, Թունիս
Նիմի ամֆիթատրոն. Նիմ, Ֆրանսիա
Առլի ամֆիթատրոն. Առլ, Ֆրանսիա
Փուլա ամֆիթատրոն. Խորվաթիա
Ֆլավիան ամֆիթատրոն. Պոցուոլի, Իտալիա
Վերոնայի ամֆիթատրոն. Վերոնա, Իտալիա
Լեփթիս Մագնա. Ուադի Լեբդա, Լիբիա
Կարթագեն. Թունիսի արվարձաններ, Թունիս
Ալեքսանդրիա ամֆիթատրոն. Ալեքսանդրիա, Եգիպտոս
Հուրի Բաղդասարյան