«Մինչեւ պահպանական գոտիները կազմեն` հուշարձանները կքանդվեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոցների եւ արգելոց թանգարանների 2015թ. վեց ամիսների հաշվետվությունները ներկայացնելիս Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետն անդրադարձել է մի խնդրի, որն առկա է գրեթե բոլոր մարզերում. խոսքը պահպանական գոտիների բացակայության մասին է, ինչը հաճախ ոչ միայն իրավախախտումների պատճառ է դառնում, այլեւ խնդիրներ ստեղծում դրանք արձանագրելու եւ շտկելու գործում:

Պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ ՀՀ տարածքում կա շուրջ 24 հազար պետականորեն հաշվառված հուշարձան, որոնց միայն 20-25 տոկոսն ունի պահպանական գոտի. «Մինչեւ մյուս` մեծ մասի պահպանական գոտիները կազմեն, հուշարձանները կքանդվեն»,-ասաց նա` հավելելով, որ մարզային հուշարձանների ընդամենը 5-10 տոկոսն ունի պահպանական գոտի:

Ա. Այվազյանի խոսքով` տեղական իշխանությունները հաճախ հուշարձանների տարածքում շինարարական, հողօգտագործման աշխատանքներ են իրականացնում, եւ երբ գործը տեղափոխվում է իրավական դաշտ, պահանջվում է տվյալ հուշարձանի պահպանական գոտու առկայություն. «Մեծ մասի դեպքում այն առկա չէ, հետեւաբար ոչ ոքի հնարավոր չի լինում քրեական պատասխանատվության ենթարկել»,- մեկնաբանեց նա:

Պատմաբանի պնդմամբ` օգտագործվող հուշարձանների, օրինակ` եկեղեցիների դեպքում պետք է կնքվեն պարտավորագրեր, ըստ որոնց՝ կհստակեցվեն օգտագործողի իրավունքները, պարզ կդառնա` վերջինս կարող է այդ տարածքում շինարարություն, ձեւափոխումներ իրականացնել, թե ոչ. «Բայց այսօր այդ պարտավորագրերը չեն կնքվում, ուստի, օրինակ` Հաղարծինի, Սանահինի, Հաղպատի տարածքում ինքնուրույն աշխատանքներ են տարվում` առանց հուշարձանապահպան մարմիններին տեղյակ պահելու»,-նկատեց նա:

Հայագետի խոսքով` նախկինում գոյություն ուներ հատուկ կազմակերպություն, որը զբաղվում էր պահպանական գոտիների կազմման աշխատանքներով. «Շուրջ տասը տարի առաջ այդ կազմակերպությունը լուծարեցին, կցեցին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին, տրամադրվող գումարներն էլ այնքան քչացան, որ տարեկան սկսեցին կազմվել շատ քիչ քանակությամբ պահպանական գոտիներ, կազմվածներից էլ ոչ բոլորն են տեղական իշխանությունների կողմից հաստատվում»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս