Խաչիկյանի գործով երիտասարդ վկան` իր` ամուսին ունենալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով վկա Լևոն Մինասյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է իր ամուսնու կենսաթոշակի մասին:

Այս և մի քանի այլ հարցերի վերաբերյալ գործով պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին վկայի նախաքննական ցուցմունքն ամբողջությամբ ընթերցելու մասին` պատճառաբանելով, որ դատաքննական ցուցմունքի և նախաքննականի միջև էական հակասություններ կան:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին աշխատակիցների գործով դատական քննությունը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նախքան վկա Մինասյանի նախաքննական ցուցմունքի ընթերցումը, ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը հարց ուղղեց վկային՝ նա ամուսնացած է, և արդյոք նրա հայրը թոշակառու է, թե՝ ոչ:

Վկան ասաց, որ ամուսնացած չէ, և իր հայրը թոշակառու չէ: Հենց այս պատասխաններից ելնելով` միջնորդություն ներկայացվեց վկայի նախաքննական ցուցմունքը ընթերցելու: Այս ցուցմունքից, որը տպագիր տարբերակով էր, պարզ դարձավ, որ վկան այնտեղ խոսել է իր ամուսնու մասին և հայտնել իր հոր` կենսաթոշակ չստանալու մասին: Սակայն վկան հերքեց այս ինֆորմացիան` ասելով, որ ինքն ամուսնացած չէ, այն էլ` տղամարդու հետ: Ինչ վերաբերում է հորը` վկան ասաց, որ նա հաստատ թոշակառու չէ, և հաստատեց, որ ցուցմունքի տակ եղած ստորագրությունը նման է իր ստորագրությանը:

Նշենք նաև, որ այսուհետ Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստերն ընթանալու են յուրաքանչյուր հինգշաբթի:




Լրահոս