Եթե ես կոռուպցիոներ լինեի, Հայաստանում Ձեր պատկերացրած օլիգարխներից մեկը կլինեի. Վազգեն Խաչիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թ. կալանավորվել, իսկ 2014-ին դատավճռով 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել այն ժամանակ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանը: Պատճառը պետբյուջեից 300 մլն դրամի յուրացումն էր: 2017 թ. սեպտեմբերի 28-ին, սակայն, Խաչիկյանն ազատ արձակվեց՝ Սերժ Սարգսյանի կողմից ներում ստանալով. կրճատվել էր նրա պատժաժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին զրուցել է Վազգեն Խաչիկյանի հետ:

-Պարո՛ն Խաչիկյան, երկրում քաղաքական իրավիճակ փոխվեց: Հիմա ձեզ որեւէ աշխատանքում պատկերացնում եք:

-Այս պահին ես ինձ պատկերացնում եմ միայն զբոսաշրջության մեջ: Իսկ պետական համակարգ վերադառնալու առումով նախեւառաջ ես ցանկություն չունեմ, երկրորդը` չեմ կարծում, որ նման ցանկություն կա այդ որոշումներն ընդունողների մոտ: Բայց եթե իմ կարիքը զգացվի, ես, իհարկե, միշտ պատրաստ եմ:

-Այլեւս չե՞ք ցանկանում քաղաքականություն վերադառնալ:

-Ո՛չ: Հայաստանում քաղաքականությունը նման է Այվազովսկու 9-րդ ալիքին: Ալիքները շատ մեծ են, եւ նավդ պետք է ամուր լինի, նավապետդ` վստահելի: Հիմա ես ո՛չ նավ ունեմ, ո՛չ վստահելի նավապետ: Այնպես որ, հանգիստ ինձ համար զբոսաշրջությամբ եմ զբաղվում:

-Սերժ Սարգսյա՞նն էր Ձեր նավապետը:

-Ո՛չ, անուններ չեմ ուզում տալ: Այս պահին գոնե ես դրա մասին չեմ էլ մտածում: Ես մտածում եմ, որ պետք է խաղաղվի քաղաքական դաշտը:

-Հեղափոխության փաստն ու Ս. Սարգսյանի հրաժարականն ինչպե՞ս ընդունեցիք:

-Ինչպես ասում են` Աստված բարին թող կատարի: Անկախ անձանցից, համակարգից` կուզեի, որ սա ծառայի ՀՀ-ին: Ով էլ ուզում է լինի վարչապետ, նախագահ, ես միշտ իմ պետության, իմ ժողովրդի կողքին եմ: Ավելին ասեմ` պատրաստվում եմ նամակ ուղղել կառավարությանը` կապված համայնքների զարգացման ուղիների եւ դրանում կառավարության մասնակցության հետ:

-Դուք 12 տարվա փոխարեն 3 տարի անցկացրիք ազատազրկման մեջ: Եվ շատերը բարձրացնում էին այն խնդիրը, որ ամբողջական պատիժ չկրեցիք:

-Լավ կլիներ, որ շահարկումներ լինեին այն ժամանակ, երբ ինձ 12 տարվա պատժաչափ էին տալիս: Եվ դա իրավական առումով ակնհայտ խնդիր էր: Մենք բոլոր հնարավորություններն ունեինք դիմելու Եվրադատարան, բայց ես դատարանի իմ ճառում էլ եմ ասել. երբեք չի լինի այդպես` Վազգեն Խաչիկյանն ընդդեմ ՀՀ-ի:

-Դուք Ս. Սարգսյանի ներմամբ ազատ արձակվեցիք: Այժմ հնարավո՞ր է` գործը վերաբացվի:

-Ես ինքս շահագրգիռ չեմ, չնայած գուցե գա մի ժամանակ, որ անդրադառնամ դրան, որպեսզի արդարացման հիմքով գործը վերանայվի:

-Դուք համարում եք, որ նախկին իշխանությունն անարդարացի՞ վարվեց Ձեզ հետ:

-1991 թ. սեպտեմբերի 21-ից առ այսօր չի եղել որեւէ անձ, ով մասնակցել է կառավարության նիստերին եւ ազատազրկվել է: Ոչ թե ձերբակալվել, կալանավորվել, այլ ազատազրկվել է` իր պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված: Դրանից 2 հետեւություն. կա՛մ բոլորը հրեշտակներ եւ սրբեր էին, մեջների սատանան միայն ես էի, կա՛մ մեկ այլ տարբերակ, որը կա:

-Ձեր գործի քննության շրջանում կարծիք կար, որ Դուք յուրացրած գումարը չեք կիսել իշխանության հետ, այդ իսկ պատճառով նրանք որոշեցին պատժել Ձեզ:

-Ո՞վ ասաց, որ ես յուրացրել եմ: Մեղադրանք որ առաջադրվեց, նայեք այդ ժամանակվա դատախազի դեմքին, եւ Ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Եթե ես կոռուպցիոներ լինեի, Հայաստանում Ձեր պատկերացրած օլիգարխներից մեկը կլինեի:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս