Վազգեն Խաչիկյանի բնակարանը կհանվի աճուրդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին հանձնարարվել է գնահատել, թե որքան է կազմում սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին պատկանող Լոռու մարզի Ախթալա համայնքի 23/2 հասցեում գտնվող բնակարանի բաժնի շուկայական արժեքը եւ, առհասարակ, արդյոք աննպատակահարմար է նրան համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի բնեղենով առանձնացնել:

Հիշեցնենք, որ Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ կենսաթոշակ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն կալանավայրում 5 տարի անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանից ներում ստացավ ու ազատ արձակվեց: Այդ ընթացքում Խաչիկյանի դեմ դատարան էր դիմել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը` որպես նրա յուրացրած գումարի փոխհատուցում պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:

Արդյունքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հանձնարարել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին գնահատել նրան պատկանող բնակարանը: Այն բանից հետո, երբ փորձագետները կտան բնակարանի շուկայական արժեքը, դատարանը որոշում կկայացնի եւ Վազգեն Խաչիկյանին պատկանող բնակարանը կհանի աճուրդի:

Իսկ մինչ այդ նշենք, որ իրավաբանական ծառայություն մատուցող «Եգորսիստեմ» ՍՊԸ տնօրեն փաստաբան Տիգրան Եգորյանը Խաչիկյանի դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով 300 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ ՍՊԸ-ն սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի աղմկահարույց չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրավաբանական ծառայություն է մատուցել, սակայն վերջինս չի վճարել ծառայության դիմաց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրավաբական ընկերության տնօրեն Տիգրան Եգորյանի հայցը:

Քնար Մանուկյան




Լրահոս