ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել էր Օմբուդսմենի 2013թ. տարեկան զեկույցին, սակայն Զեկույցը, ամենայն հավանականությամբ, հանգամանալից չի ուսումնասիրվել:
Արտակ Շաբոյանը խոսում է օրենքի չիմացությունից, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից Զեկույցը սխալ է մեկնաբանվել, նենգափոխվել է դրանում բարձրացված խնդիրը և գերիշխող դիրքի առկայության մասին մտահոգությունը ներկայացվել է որպես Պաշտպանի կողմից պնդում, որ գերիշող դիրք ունենալն ինքնին անօրինական է:
Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ գոյություն չունի և չի կարող ունենալ գոնե մեկ դեպք, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ: Հանձնաժողովին տրված տուգանքի չափի որոշման չափազանց լայն հայեցողությունը, սակայն, ինքնին պարունակում է չարաշահումների և տարբերակված մոտեցումների ռիսկեր, առավել ևս, երբ սահմանված չեն պատասխանատվության չափի որոշման հստակ չափանիշներ:
Պարոն Շաբոյանը մենկնաբանել էր նաև ՏՄՊՊՀ ստացված սակավաթիվ դիմումների խնդիրը՝ նշելով, որ բողոքների քանակով չի որոշվում այս կամ այն պետական կառույցի հանդեպ հասարակության վստահության չափը: Այնուամենայնիվ, երբ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր և միլիոնավոր սպառողներ, ՏՄՊՊՀ-ին 2013թ-ի ընթացքում վստահել է ընդամենը 68 դիմող (ամսական կտրվածքով՝ միջինը 6 դիմող): Մինչդեռ, տնտեսական մրցակցության խնդիրներով Օմբուդսմենը ստանում է բազմաթիվ բողոքներ: Արդյունքում, Հանձնաժողովի ստացած սակավաթիվ դիմումները վկայում են ոչ թե խնդիրների բացակայության, այլ Հանձանժողովի հանդեպ վստահության պակասի մասին:
Այսպիսով, ՏՄՊՊՀ բոլոր անդամներին հորդորում ենք իրական և արդյունավետ աշխատանքով զարգացնել տնտեսական մրցակցությունը երկրում, դրանով իսկ նպաստել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, այլ ոչ թե փորձել քննադատությունը այլափոխելով՝ մոլորեցնել մարդկանց:
Պաշտպանի աշխատակազմ