ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ասաց, որ Մարտունի բժշկական կենտրոնի բուժքույր Վարդուհի Գրիգորյանին ԲԿ-ի աշխատակազմը ստիպել է անել այնպիսի գործողություն, որը անօրինական է: Հիվանդանոցում հավաքված մի խմբավորում այնպես է անում, որ Վարդուհի Գրիգորյանին հեռացնեն աշխատանքից:
ArmLur.am-ի հետ զրույցում Անուշ Պողոսյանը ասել էր, որ բուժքույրը դիմել է Էթիկայի հանձնաժողով, սակայն իրենց պատասխանել են, որ այդ հարցով չեն զբաղվում:
Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հարցերը քննող հանձնաժողովի նախագահ Իզաբելա Աբգարյանն ասաց․
«Տիկին Վարդուհի Գրիգորյանը օգոստոս ամսին դիմում է գրել, որին կցել է իր տնօրենին ուղղված բացատրագիր և ասել է՝ գնահատական տվեք տնօրենի գործողություններին։ Ի պատասխան մենք Վարդուհի Գրիգորյանին ներկայացրել ենք, որ բուժաշխատողների էթիկայի հանձանժողովը քննում է բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները, և եթե նրանք գիտեն կանոնների խախտման դեպք, ապա իրավական ակտերին համապատասխան դիմում կներկայացնեն: Մենք պարզապես իրենց ճիշտ ուղղորդել ենք և տեղեկացրել ենք մեր գործողությունների շրջանակը»:
Էմմա Մարտիրոսյան