Պետական գույքի կառավարման կոմիտեն հրապարակել է Կառավարության ենթակայության տակ գտնվող մի շարք մեքենաների աճուրդի մասին հայտարարություններ։
Ուշագրավ է, որ մեքենաների մեծամասնությունը գտնվում է անմխիթար վիճակում։ Օրինակ՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ենթակայության տակ գտնվող HONDA ENS 1 մեքենան հանվել է աճուրդի վթարված վիճակում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեքենան 2023 թվականի արտադրության է, իսկ հաշվառման համարանիշը՝ 006LL01, գույնը՝ սպիտակ մարգարիտ։ Մեքենան վաճառվում է 4 մլն 217 հազար դրամով։
Թե մեքենան երբ և ինչպես է վթարվել, տեղեկություն չկա, սակայն արձանագրենք, որ նման մեքենաները աճուրդում տասնյակների են հասնում, որոնք առաջիկայում կհրապարակենք։
Մեքենան, ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարվել է հուլիսի 10-ին Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Վիրաբյանը իր վարած Honda մակնիշի 006 LL 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Բազմաբերդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էր բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ժամեր անց Տ. Վիրաբյանը «ձախ դաստակի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Տիգրան Վիրաբյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։
Էմմա Միքայելյան