Հերմինե Նաղդալյանը տոկոսով փող է տվել ու սպառնացել, որ իր անունը չտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորաշեն- 2007» սպառողական կազմակերպության գործով դատական նիստերին պարզված բացահայտումները գնալով թեժանում են:

Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր, գանձել 1.843.379.449 դրամ գումար և հափշտակել:

Այս պատմության մեջ շրջանառվում է նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականի` Ռազմիկ Ավագյանի և այսօր նաև Պաշտպանության նախարարության գնդապետ Արթուր Պողոսյանի անունը:

Վերջինս, ըստ ամբաստանյալ, կոոպերատիվի նախագահի` Արմեն Թադևոսյանի ցուցմունքի` Գևորգ Չաուշ 14/3 հասցեում տոկոսով գրավի դիմաց բնակարաններ է վերցրել:

Ամբաստանյալների և մի շարք տուժողների ցումունքներից պարզ է դարձել, որ վերոնշյալ 3 անձինք զբաղվել են ակնհայտ վաշխառությամբ: Այս փաստը, սակայն, նախաքննությամբ չի հաստատվել, քանի որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն անձամբ գնացել և ասել է, որ ուրիշ ձևով ձևակերպեն, այլապես բոլորին գործից կհեռացնի:

Մինչ Նաղդալյանի այս հայտարարությունը` քննիչները որոշում էին կայացրել Նաղդալյանի ամուսնու գործողությունները ձևակերպել որպես վաշխառություն, սակայն ԱԺ փոխնախագահը որոշումը փոխել է տալիս:

Արմեն Թադևոսյանն իր ցուցմունքում հայտնել է նաև, որ իրենք վերցրել են 35 HONDA մակնիշի ավտոմեքենա Աստաֆյան հյուրանոցի սեփականատեր Արսեն Ավագյանից, ամենաբարձրը`  2004 թվականի արտադրության:

Մեքենաներն իրենք վերցրել են, և դրանց դիմաց կոոպերատիվի նախագահն ու իր տեղակալը պարտավորվել են 1500 քմ բնակելի տարածք 600$-ով հատկացնել Արսեն Ավագյանին:

Հետո պայմանավորվածությունը խախտվել է,  և տարածքն անհայտ հանգամանքներով ընկել է գնդապետ Պողոսյանի ձեռքը:

Միաժամանակ Թադևոսյանը նշեց, որ Պողոսյանը 2008-2010 թվականներին մեկ տասնյակից ավելի վաշխառուական գործարքներ է կնքել իրենց հետ:

Հետագայում 29 բնակարանները վաճառել չի ստացվել, քանի որ դատարանն արգելք է դնել դրանց վրա, սակայն դրանք նաև բնակիչներին չեն վերադարձվել:

Թադևոսյանի ցուցմունքից հայտնի դարձավ նաև, որ Բանգլադեշի շենքը կառուցելու համար 2մլն դոլար են ծախսել, որը 300 հազար դոլարի տեղ Սարգիս Աղաբեկյանն է վերցրել, նույն ինքը` Էսկոյի Սաքոն:

Հետագայում ՀՔԾ-ում Հերմինե Նաղդալյանն ամուսնու` Դավիթ Բեգլարյանի հետ հայտարարել են, որ իրենց անունները չտան, ինչի փոխարեն հետ կտրվեն բոլորի բնակարանները:

Սակայն կրկին ստել և չեն վերադարձրել: Հետ են տվել 14 բնակարաններից միայն 6-ը, այն էլ` գումարի դիմաց: Կոոպերատիվի նախագահի տեղակալը` Լուսաբեկ Սամվելյանն, իր ցուցմունքում նշեց, որ Գևորգ Չաուշի 14/3 շենքի երկրորդ և երրորդ հարկերի բնակարանները գտնվում է Հերմինե Նաղդալյանի ձեռքում:

Սամվելյանը հայտնեց, որ Նաղդալյանից և նրա ամուսնուց 300 հազար դոլար են վերցրել տոկոսով և գրավ են դրել 14 բնակարան: Իսկ այս բնակարանների գնի 20%-ով են դրել գրավի դիմաց:

Սամվելյանի համոզմամբ` ՀՔԾ-ում բավարար քննություն չի անցկացվել: Այժմ նրանք պահանջում են նոր քննություն անցկացնել և վաշխառուներին քրեական պատասխանատվության ենթարկել:

Տաթև Հարությունյան




Լրահոս