ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՔԾ-ՈՒՄ «ԿՌԻՎ Է ՏՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած շաբաթ նախաքննական այդ մարմինը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի ՀՔԾ-ն հայտնել էր` 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը թաքցնելու համար ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը, 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն: Վերը նշված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները` մատնանշելով, թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել: Եվ, ահա, իրավապահ մարմիններից մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմինը սույն քրեական գործով անցնող մեղադրյալ Ալիկ Սարգսյանին հրավիրել է հարցաքննության եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Ի պատասխան այս հարցադրման՝ Ալիկ Սարգսյանը ՀՔԾ քննիչին հայտնել է, թե ինչու պետք է համաձայնի: Նա քննիչին հիշեցրել է, որ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ, ու այսքանից հետո ինչու պետք է համաձայնի հարուցված քրեական գործով վաղեմության ժամկետի կիրառմանը: Ահա այսպիսի հիմնավորմամբ, ըստ տեղեկությունների, Ալիկ Սարգսյանը հրաժարվել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործով վաղեմության ժամկետ կիրառվի, եւ գործը կարճվի այդ հիմքով: Ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն այս գործով անգամ չեն էլ հարցաքննել: Իսկ ինչո՞ւ. ակնհայտ է, որ եթե նրան հարցաքննեին, ապա հերքելու էր իր դեմ ցուցմունք տված անձի կամ անձանց խոսքերը, ինչը իրավապահ մարմիններին այդքան էլ ձեռնտու չէ: Ստացվում , որ այս գործով նախաքննական մարմինը հայտնվել է խնդրի առաջ:
Բանն այն է, որ սույն քրեական գործով անցնող մյուս մեղադրյալները, օրինակ՝ ոստիկանության պաշտոնյաներից ոստիկանության նախկին պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանը, արդեն համաձայնել է, եւ նրա մասով հարուցված քրեական գործը կկարճվի: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով եւս կարճման գործընթաց է գնում, սակայն Թամամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ իրեն չեն կանչել ՀՔԾ. երբ կանչեն, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: ՀՀ ոստիկանապետ եղած տարիներից, թերեւս, նրա մոտ այս վատ սովորույթը մնացել է: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու համար տեղեկության իսկությունը, թե արդյոք վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կա, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին. «Վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չկա, գործով նախաքննությունը շարունակվում է»:
Իսկ ի՞նչն է այս իրավիճակում ամենաուշագրավը: Ըստ էության, եթե վերոնշյալ մարդիկ համաձայնում են նախաքննական մարմնի` ՀՔԾ-ի առաջարկած տարբերակին, եւ հարուցված քրեական գործը, վաղեմության ժամկետ հիմքով, կարճվում է, ստացվում է` նրանք մեխանիկորեն ընդունում են մեղադրանքը, որ պաշտոնեական կեղծիք են թույլ տվել: Այսինքն՝ ընդունում են իրենց մեղքը: ՀՔԾ-ն էլ այս քայլով կարողանում է նաեւ ձերբազատվել այն կարծիքներից, որ անհիմն քրեական գործեր են հարուցվել: Ընդհակառակը, նրանք հանգիստ կարող են ասել՝ ահա, խնդրեմ, կոնկրետ մարդիկ ընդունեցին իրենց մեղքը, եւ նրանց մասով քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն այս գործով, դեռ ժամանակը ցույց կտա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞Վ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԽԱԶԸ

Ո՞վ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը, որին փաստաբանական խումբը բացարկ էր հայտնել: Նա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմն է ու վստահելին:

Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար: Փետրվարի 25-ին կայացավ այս գործով առաջին դատական նիստը, որտեղ Սերժ Սարգսյանի փաստաբանական խումբը պնդում էր, որ գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը անաչառ չէ, նախաքննությանն անաչառ չի մոտեցել, եւ որ իրենք դատաքննությանը փուլ առ փուլ դա ցույց կտան, եւ այս ամենի արդյունքում քրեական գործով մեղադրող դատախազին բացարկ էին հայտնել: Գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանը, սակայն, երեկ մերժեց պաշտպանների միջնորդությունը:
Նկատենք, որ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն իսկապես այդքան էլ պատահական մարդ չէ: Դատախազն անցած տարի հայտնվեց բավականին ուշագրավ պատմության կիզակետում: 2019 թվականի հունվարի 11-ին ոստիկանությունը օպերատիվ տվյալներ էր ստացել այն մասին, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում: Հաշված րոպեների ընթացքում հասել էին նշված վայր, որտեղ նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին Mercedes-ին եւ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ 4 անձի բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանել է այդ օրերին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Նկատենք, որ Արսեն Մարտիրոսյանը բավականին մտերիմ կամ, այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Ահա այս պատճառով, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, վստահելով նրան եւ իր շուրջ հավաքելով հավատարիմ մարդկանց, 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատեց Մարտիրոսյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակեց Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԳՈՐԾԱՐԿՎԻ
2022-ի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի գույքի եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Ըստ նրա` փորձեր են արվում արագացնել համակարգի ներդրման ժամկետները, սակայն, հաշվի առնելով առկա հնարավորություններն ու ռեսուրսները, վերջնաժամկետը սահմանվում է 2022թ. հունվարի 1-ը: Իր հերթին խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել է հարկային օրենսգրքում հերթական փոփոխությունների հայեցակարգի մշակման գործընթացի մեկնարկի մասին: Փաստաթղթում, նրա խոսքով, ներառված կլինեն ինչպես գույքի եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրման, այնպես էլ հիփոթեքների նախագծերը եւ այլ խնդրահարույց հարցեր:

 

 

 

ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին: Երեւանի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթեւամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը եւ հնարավոր հետեւանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին եւ հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը: Վարկային կազմակերպության աշխատակիցը ահազանգել է իրավապահ մարմիններին: Արդյունքում բացահայտվել է անչափահասների գործունեության ողջ պատկերը: Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել եւ փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը. հարուցվել է քրեական գործ:

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննության որակի եւ քննության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով:

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին աջակցել են կորած քաղաքացու հարազատները: Ավելի ուշ փրկարարները Գավառի Բզոյի գյոլ կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին: Նա փետրվարի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21:30-ին եւ տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից Սպիտակ քար կոչվող հանդամասում:




Լրահոս