Որքան վնաս կրեց ՀԿԵ-ն վթարի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու հանքաքար տեղափոխող գնացքի վթարված գիծն արդեն գործում է, և այդ հատվածում երթևեկությունն արդեն լիարժեք է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՀԿԵ հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատու Վահե Դավթյանը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Սոթքի հանքավայրից ոսկու հանքաքար Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա տեղափոխող 30 վագոնից կազմված թիվ 1612 բեռնատար գնացքի 7 վագոնները գծերից դուրս են եկել, իսկ 4-ը` կողաշրջվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ 30 վագոնն էլ իրականացրել են ոսկու հանքանյութի տեղափոխում։ Զոհեր և տուժածներ չեն եղել:

Նշենք նաև, որ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ընկերությունը։

Վահե Դավթյանի փոխանցմամբ` այժմ ծառայողական քննություն է անցկացվում, վնասի չափի հետ կապված դեռ հստակ տվյալներ չկան:

Իսկ Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանի խոսքերով` իրենք այս պահին սպասում են համապատասխան մասնագետների գնահատականներին` իմանալու համար` ինչ քանակությամբ վնաս են կրել: «Գրությունն ուղարկվել է յուրիստներին, պատասխանին ենք սպասում: Էկանոմիկական հաշվարկ կանեն կիմանանք: Վնասը հիմնականում ՀԿԵ-ին է հասցվել: Մեզ այդքան վնաս չկա»,- ասաց Մելքոնյանը:

ՀԿԵ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, անդրադառնալով Մելքոնյանի վերոնշյալ դիտարկմանը, ասաց, որ իրենց մոտ ենթակառուցվածքի վերականգնման խնդիր կար, այդ թվում` վագոնների, հետևաբար Մելքոնյանի ասածի մեջ ինքը տրամաբանություն տեսնում է:

«Կոնկրետ ինչ որ գնահատականներ վաղ է անել: Վնասի չափը ստույգ, երևի թե, այս շաբաթվա վերջում հայտնի կդառնա»,- հավելեց Դավթյանը:

Տաթև Հարությունյան

Լուսանկարները` shamshyan.com-ի:




Լրահոս