Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս անցյալ դարի 50-ական թվականներին մարդկության դուռը թակած ՄԻԱՎ վարակը այսօր պատուհաս է դարձել: Դեռևս չեն հայտնաբերվել վարակը լիովին բուժելու դեղամիջոցներ, սակայն առկա են այնպիսի դեղեր, որոնք մեղմում են հիվանդության զարգացումը և կարող են ապահովել երկար տարիների կյանք: Մասնագետները փաստում են` կանոնավոր և բժշկի նշանակած օրակարգը պետք է ճշգրիտ կատարվի` բուժման պրոցեսը խախտելու դեպքում ձեռք բերվածը դառնում է առ ոչինչ: Տեղեկացնենք, որ ՄԻԱՎ-ը ընդունակ է բազմանալու միայն մարդու օրգանիզմի բջիջների ներսում, մարդու օրգանիզմից դուրս ոչնչանում է: Թեև վիրուսը հայտնաբերվել է նաև այլ հեղուկներում` մեզ, թուք, քրտինք, դրանք վտանագվոր չեն վարակի տեսանկյունից, դրանցում ՄԻԱՎ-ի խտությունը շատ ցածր է: ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել ջրի, կենցաղային շփումների, ընդհանուր սպասքի, մոծակի կծելու միջոցով, լողավազնից և բաղնիքից օգտվելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտից, զուգարանից օգտվելու ընթացքում: Հիվանդությունն առանց ախտանիշների կարող է ընթանալ 7-15 տարի, քանի դեռ ՄԻԱՎ վարակը չի անցել ՁԻԱՀ փուլ, մարդը կարող է առողջությունից գանգատներ չունենալ: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հաստատել հատուկ հետազոտության միջոցով: Բժիշկները ՄԻԱՎ-ից խուսափելու համար խորհուրդ են տալիս չունենալ պատահական սեռական կապեր, հավատարիմ լինել զուգընկերոջը, պատահական սեռական հարաբերություների ժամանակ օգտագործել որակյալ պահպանակ, չօգտագործել թմրամիջոցներ, ներարկումների, դաջվածքներիի ժամանակ օգտագործել միանվագ պարագաներ, խուսափել ուրիշի արյան հետ շփումից, ՄԻԱՎ-ով վարակված կանայք պետք է հրաժարվեն նործիններին կրծքով կերակրելուց: Նշենք, որ Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988-ից: Արձանագրվել է ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ, նույն տարում գրանցվել է նաև ՁԻԱՀ-ի առաջին դեպքը: 1989թ-ին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը: 2001թ-ին գրանցվել է ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին դեպքը: 1988թ-ից մինչև 2011թ-ի հոկտեմբերի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1127 դեպք, որից 148-ը` 2010թ-ի ընթացքում: Վիճակագրությունը փաստում է, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 797 մարդ կամ 70,7 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչների մոտ` 330 դեպք կամ 29,3 տոկոս: ՄԻԱՎ վարակի 22 դեպք կամ 2 տոկոս արձանագրվել է երեխաների մոտ: Հայաստանում արձանագրված փոխանցման ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Այս ուղիներից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 258 դեպք, մահացածների թվում 43 կին և 5 երեխա: 




Լրահոս