Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտության դիվանագիտական կարգավորումը դեռ հնարավոր է և անհրաժեշտ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունացնելու համար։
«Այսօր մենք քննարկել ենք Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ջանքերը», – ասել է Մերցը Բեռլինում՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ Կատարի էմիրին հավաստիացրել է Գերմանիայի համերաշխության մասին։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորումը դեռ հնարավոր է։ Դա անհրաժեշտ է տարածաշրջանում կայունություն հաստատելու և Կատարի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
Մերցը նաև նշել է, որ կարգավորումը բխում է Գերմանիայի շահերից, քանի որ երկիրը կախված է մատչելի գնով և հուսալի էներգակիրների մատակարարումներից։
Նրա խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու համար վճռորոշ նշանակություն կունենան երկու պայման՝ Հորմուզի նեղուցով մշտական և անվտանգ նավագնացության ապահովումը, ինչպես նաև Թեհրանի կողմից ռազմական միջուկային ծրագրի ստուգելի դադարեցումը։




























