Համաշխարհային ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի հակարդարձումներին, դարձյալ պնդեց, որ Մշակույթի նախարարությունը տվել է ինքնաթիռի տոմսը, բայց փառատոն գնալը ինքնաթիռի տոմսով չէ:
«Ի վերջո, երկիր ես ներկայացնում, կան բանկետներ, հուշանվերներ, բուկլետներ: Իսկ այդ ամենը ահռելի մեծ ծախսեր են, որի 10 տոկոսն են իրենք վճարել»,- ասաց Հովհաննիսյանը:
Փառատոնի ղեկավարին հիշեցրինք` Մշակույթի նախարարությունը 700 դոլարից ավելի է հովանավորել:
«Այդ ավելը վերաբերում է Երևանում անցկացվելիք փառատոներին: Երկու տարին են գումար տվել, մեկ տարին էլ միայն աջակցել են: Իրենց տված գումարը բավարարել է միայն բուկլետների ու փառատոնի նվերների համար: Դա չի ծածկել ֆիլմերի ցուցադրման սրահի, գովազդների, արտասահմանցի հյուրերի ծախսերը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Արտաշես Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս Մշակույթի նախարարությանը մեկ միլիոն դրամով փառատոն կազմակերպել՝ այն էլ միջազգային մակարդակի:
«Թող Հասմիկ Պողոսյանը փորձի մեկ միլիոն դրամով փառատոն կազմակերպել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Պողոսյանի այն հայտարարությանը, որ տարեկան 50-70 ֆիլմ փառատոների է մասնակցում, Արտաշես Հովհաննիսյանը այդ տեղեկատվությունը հավաստի չի համարում, քանի որ Հայաստանում տարեկան այդքան ֆիլմ չի ստեղծվում:
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ նախանցած տարի Բուլղարիա մեկնելիս փառատոնի տնօրինությանը նախարարությունը ավտոբուսով երթևեկելու գումարն էր տվել միայն:
«Երկու օր ավտոբուսով ոտքներս ուռած ձևով գնացել ենք Բուլղարիա»,-ասաց փառատոնի ղեկավարը` հավելելով, որ իրենց փառատոնը «Ոսկե Ծիրանի» նման կայացած փառատոն է, բայց իրենց ֆինանսապես չեն աջակցում, իսկ «Ոսկե Ծիրանին» 50 մլն դրամ են տալիս:
Արտաշես Հովհաննիսյանը մեկ այլ դրվագ ևս պատմեց. նախորդ տարի
Մշակույթի նախարարությունը ստիպել է Արտաշես Հովհաննիսյանին ստացականներ ու անձնագրի տվյալներ վերցնել ՀՀ-ում Լիբանանի ու Անգլիայի դեսպաններից, որ իրենք իրոք փառատոնի շրջանակում ստացել են հուշանվերներ` ականջակալներ. «Ես ասել եմ`անհարմար է, չի կարելի՝ դեսպան մարդիկ են: Դա հանրապետության համար ուղղակի խայտառակություն է: Լիբանանի դեսպանը նույնիսկ հրաժարվեց որևէ տվյալ տալ: Եվ դրսից եկած մի քանի հայ հեղինակներ հիասթափված գնացին Հայաստանից միայն այն բանի համար, որ իրենք պետք է ստացական գրեին, թե մեդալ են ստացել»:
Արթուր Պողոսյանի պարզաբանումներն ընդհանուր առմամբ Համաշխարհային ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի ղեկավարը համարում է խուսափողական, արդարանալու միջոց:
«Ամենակարևոր հարցին չպատասխանեցին` նախորդ տարի UNICA-ի փառատոնին ինչո՞ւ մեզ չհովանավորեցին, այն դեպքում՝ մենք ոսկե մեդալ շահեցինք»,-եզրափակեց Հովհաննիսյանը:
Սոնա Դավթյան